Ահազանգ. Աղստև գետը փրփրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» Իջեւան քաղաքի բնակիչներից մի քանի անգամ ահազանգեր էր ստացել այն մասին, որ Աղստեւ գետը պարբերաբար պատվում է փրփուրներով: 2015թ. դեկտեմբերի 29-ին, մոտ կես ժամ գտնվելով Աղստեւի ափին` Իջեւանի ավտոգազալցավորման ճնշման կայաններից մեկում, «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, որ գետն ամբողջությամբ փրփուրներով է պատված: Նշենք, որ Այդ ԱԳԼՃԿ-ից մոտ 70 մ վերեւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի շենքն է: 2016թ. հունվարի 25-ին նորից եղանք նույն տեղում, եւ կրկին Աղստեւ գետի մակերեսին փրփուրներ էին, որոնք ակնհայտորեն քիմիական ծագում ունեին:

Նշենք, որ ներկայումս Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջաններում արտադրական խոշոր ձեռնարկություններ չկան, որոնք կարող էին արտադրական թափոններով աղտոտել Աղստեւը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանից փորձեցինք պարզել` արդյոք նախարարությունում տեղյակ են, թե ինչի արդյունքում է գետն աղտոտվում, եւ որ ձեռնարկության թափոններն են լցվում գետ: Տեսչության պետը, սակայն, ասաց, որ տեղյակ չէ: Նա խոստացավ աշխատակիցներ ուղարկել` խնդիրը տեղում ուսումնասիրելու եւ գետի աղտոտման պատճառները պարզելու նպատակով:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս