ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ամփոփեց 2015 թվականի գործունեությունը:
ԴԱՀԿ պետի ներկայացմամբ` 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, որոնցով 2015 թվականին պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է մոտ 25 մլրդ դրամ: Մասնավորապես պետական բյուջեի օգտին՝ ավելի քան 7 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 13.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ ավելի քան 1.5 մլրդ դրամ: Իսկ ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ավարտած եւ կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
«Ժողովուրդ»-ն առանձին զրույց ունեցավ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք պետական պաշտոնյա եք, սակայն երթեւեկում եք գերթանկարժեք մեքենաներով: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր կարգ է սահմանել, ըստ որի՝ անխտիր բոլոր վարորդները պարտավոր են իրենց մեքենաների դիմապակու վրայից պոկել, այսպես կոչված, «պլյոնկան»: Արդյո՞ք Դուք արդեն ազատվել եք մգացված դիմապակուց:
-Իմ մոտ երբեւիցե չի մգացվել դիմապակին:
-Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Դուք առաջիկայում նշանակվելու եք ՀՀ ԱԱԾ պետ, ի՞նչ կասեք:
-Ես նման տեղեկություններ չունեմ:
-Սովորաբար Դուք ՀՀ արդարադատության արական սեռի բոլոր նախարարների հետ խնդիրներ եք ունեցել եւ ցուցադրաբար չեք ենթարկվել նրանց: Արդյո՞ք հիմա լռելյայն կատարում եք արդարադատության կին նախարարի բոլոր հրահանգները:
-Ես ոչ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, կատարել եմ իմ պարտականությունները: Դա կլինի տղամարդ թե կին նախարար, ես կատարում եմ օրենքով սահմանված կարգով այն բոլոր լիազորությունները, որոնք որ օրենքով տրված են ինձ: Եւ ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ նախարարը կին է, թե տղամարդ:
-ԴԱՀԿ-ն առանց վճռի բռնագանձումներ է իրականացնում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը արգելում է մարդուն առանց դատարանի որոշման զրկել սեփականությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Մենք բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ: Եւ բազմիցս նշել ենք, թե ինչով ենք առաջնորդվում, մենք արդեն երկու տարի է, ինչ դրա մասին խոսում ենք: Օրենքի պարագայում, որը որ կոնկրետ ընդունվել է, մենք կատարում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները: Հիմա սահմանադրական բարեփոխումներից հետո մենք կտեսնենք, եւ ես կարծում եմ, որ մեր ծառայության անունն էլ կփոխվի, նաեւ որոշակի մոտեցումները: Ես համաձայն չեմ, որ մինչ օրս հակասահմանադրական ենք գործել, որովհետեւ գոյություն ունի օրենք, որով ստացել ենք այդ լիազորությունները եւ պարտավոր ենք դա անել: Այս հարցը քննարկվել է:
Հ. Գ. Ի դեպ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության 2015 թվականի վերջին կայացրած որոշման համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ից 2015 հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից եւ կատարողական ծախսից: Նաեւ 2015 հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 16-ը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ