Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, այս մասին ArmLur.am-ը տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքից:
Նախագահ Օբաման շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք է հայտնել, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:
Դեսպան Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշել է, որ Նախագահ Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար Նախագահ Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:
Իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: