Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 2016 թվականի հունվարի 8-ի գրությամբ իր մտահոգությունն է հայտնել 2016 թվականի հունվարի 1-ին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված, Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորություն արտահանձնելու վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բահրեյնի թագավորությունում դեռևս վերացված չէ մահապատիժը՝ Ֆադհել Ռադհիի արտահանձնումը կարող է հանգեցնել նրա նկատմամբ խոշտանգումների, դաժան, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ Բահրեյնի իշխանությունների կողմից:
Միաժամանակ Կազմակերպությունը գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն՝ Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի, ՀՀ-ում մնալու ժամկետների և կարգավիճակի, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների, նրան արտահանձնելու վերաբերյալ կայացվելիք որոշման մասին: 2016 թվականի հունվարի 22-ի պատասխան գրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Բահրեյնի Թագավորութան քաղաքացի Ֆադհել Ռադհին ներկայումս պահվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունվարի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 30-օրյա կալանք՝ մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը: Միաժամանակ հայտնում են, որ Բահրեյնի Թագավորության իրավասու մարմնի կողմից վերջինիս հանձման հարցում դեռևս չի ստացվել, ուստի՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից համապատասխան որոշում չի կայացվել: ՀՀ Արդարադատության նախարարության ունեցած տեղեկություններով՝ Ֆադհել Ռադհին Բահրեյնի Թագավորությունում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և վեջինիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել է նրա նկատմամբ մեղադրական դատավճիռն ի կատար ածելու նպատակով: Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 2-ին ՀՀ Ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հունվարի 1-ին՝ ժամը 23:00-ին, Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/: Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ներկայացուցչությունը՝ հետախուզումը նախաձեռնողին հայտնելու համար: Միաժամանակ 2016թ. հունվարի 2-ին Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, ով ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման և պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը Ինտերպոլին խնդրել էր ձերբակալել հետախուզվող անձին, ինչպես նաև հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ: