Դերասաններ Հովհաննես Դավթյանը եւ Հայկ Պետրոսյանը անակնկալ են պատրաստում կանանց եւ աղջիկների համար: Նրանք մտադիր են կանանց մեկամսյակի առթիվ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում հանդես գալ նոր stand up շոու-ներկայացումով: «Ժողովուրդ»-ին Հովհաննեսը տեղեկացրեց, որ մինչ այդ էլ մտադիր են իրենց ծրագրերում ներառել վալենտինյան թեման:
«Ակումբային ելույթների ժամանակ մեծ մասամբ ներկայանում եմ Հայկի հետ: Ինձ դուր է գալիս նրա պրոֆեսիոնալիզմը, բացի այդ, մենք լավ ընկերներ ենք, ինձ համար հետաքրքիր է նրա հետ աշխատելը»,-նշեց դերասանը` հավելելով, որ իրենք ներկայացումներով հանդես կգան ակումբներում եւ թատրոններից մեկում:
Բացի այդ` Հովհաննեսը պատրաստվում է գարնանը կայանալիք իր երկրորդ մոնո-ներկայացմանը: Նախորդ` «Անքնություն» անունը կրող ներկայացումից այն կտարբերվի իր թեմաների ակտուալությամբ: «Ժանրին համապատասխան` այն հանդիսատեսի շրջանում ծիծաղ կհարուցի, բայց դրան զուգահեռ նաեւ կունենա ասելիք. այսինքն` փորձելու եմ խորքային հումորներ ներկայացնել»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե նախկինում սերիալներում ակտիվորեն ներգրավված դերասանը արդյոք հետաքրքիր առաջարկներ չունի նաեւ այդ դաշտից, վերջինս պատասխանեց. «Առաջարկներ լինում են, բայց դեռեւս չեն հետաքրքում. այս փուլում ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ իմ բեմական գործունեությունը հասցնեմ բարձր նշաձողի, ջանք ու եռանդս դրա վրա եմ ծախսում»: Նրա խոսքով` բացառված չէ, որ իր մասնակցությամբ շոու-ներկայացումները ներկայացվեն ինտերնետային տարբերակով` օնլայն տիրույթում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Դավթյանը նախորդ տարվա 12-րդ ամսվա 12-րդ օրը դերասան Հայկ Պետրոսյանի հետ հանդես եկավ ամանորյա stand up շոու-ներկայացումով:
Աննա Բաբաջանյան