Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը կառավարության անդամներին ասաց, որ «նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»: Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց` հունվարի 20-ի նիստի ժամանակ, Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը: «Ես անձամբ հետեւելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,-ասաց նա:
Սակայն, ինչպես երեւում է, այնքան էլ լուրջ չեն ընդունվել ՀՀ վարչապետի հորդորները, քանի որ մի շարք նախարարներ շարունակում են հետնամուտքով դուրս գալ: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ հարցախույզ է արել մի շարք պաշտոնյաների միջեւ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան
-Պարո՛ն Շաբոյան, Դուք ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս, էլի վախենո՞ւմ եք լրագրողներից:
-Ես երբեք չեմ խուսափում, մշտապես գլխավոր մուտքով եմ դուրս գալիս: Պարզապես այսօր ես մեքենայով չեմ, քանի որ իմ աշխատանքի վայրն այստեղ մոտիկ է, ոտքով քայլելով գնալու եմ:
-Վարչապետը նաեւ կոչ էր արել, բոլոր աշխատակիցներին պարտաճանաչորեն հաճախել աշխատանքի: Ձեր գերատեսչությա՞նը նկատի ուներ:
-Դուք մեկնաբանություններ մի՛ արեք, դա Ձեր կարծիքն է: Բայց վարչապետի հանձնարարականի հիման վրա հենց այդ օրը մենք աշխատաժողով ենք կազմակերպել: Աշխատանքային կարգապահությունը շատ ավելի խստացրել ենք մեր գերատեսչություններով:
-Հետեւո՞ւմ եք Ձեր աշխատակիցների կարգապահությանը:
-Շատ ավելի շատ ենք հետեւում: Մշտապես, ճիշտ է, մեր ուշադրության կենտրոնում է եղել, բայց ավելի խստացրել ենք աշխատանքային կարգապահությունը:
-Իսկ ինչպե՞ս եք հետեւում:
-Դա մեր ներքին աշխատանքի կազմակերպման ձեւն է, եթե շատ հետաքրքրված եք, կարող եք գալ եւ ծանոթանալ: