Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի մի շարք մարզերի բնակիչներ գազի գնի բարձրացման պատճառով ձմռանը տաքանալու համար սկսել են ալտերնատիվ միջոցներ որոնել: Օրինակ` Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում գյուղացիները, բացի փայտից, այս ձմռանը վառելու են նաեւ փայտի “թեփ”, որն ավելի մատչելի է, քան գազն ու փայտը: Իսկ Արագածոտնի մի շարք գյուղերում մարդիկ հույսները դրել են աթարի վրա: Նշենք, որ բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 13,6%-ով՝ կազմելով 229,5 մլն խմ: 8,8%-ով էլ նվազել են այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով 83 մլն խմ:
Հիշեցնենք, որ “Հայռուսգազարդ” ընկերությունը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հայտով: “Հայռուսգազարդ”-ը մտադիր է 1000 խմ գազը ներկայիս 132 հազար դրամի փոխարեն բնակչությանը վաճառել 221 հազարով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով, այս պահին գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով` գազը:
Նշենք, որ գազի թանկանալուց հետո Հայաստանում միանգամից կբարձրանան բոլոր ապրանքատեսակների ու ծառայությունների գները, այդ թվում` նաեւ հանրային տրանսպորտը, սննդամթերքը, կենցաղային ապրանքները եւ այլն:
Եվ, բնականաբար, այս թանկացումների արդյունքում հանրապետությունում պակասելու է գազ սպառողների թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում “Հայռուսգազարդ”-ը ներկրել է 667,7 մլն խմ բնական գազ, իրացրել՝ 557,7 մլն խմ: Եթե ներկրման ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով, ապա իրացումը կրճատվել է 1%-ով: Իրացման ծավալների վրա բացասաբար է ազդել բնակչության կողմից սպառումը. այն հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 13,6%-ով եւ կազմել 229,5 մլն խմ: “Այլ սպառողների” կողմից սպառման ծավալները նվազել են 8,8%-ով՝ մինչեւ 83 մլն խմ:
Իսկ ահա Արագածոտնի մարզի Արտաշեսավան համայնքում դեռ 2011-ից է պակասել գազ սպառողների թիվը: Համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանի խոսքով՝ 2011-ին գյուղացիները մինչեւ 2 մլն դրամի գազ են սպառել, սակայն անցյալ տարի այդ թիվը նվազել է եւ դարձել 1 մլն դրամ. “Իսկ այս տարի 500 հազար դրամ կդառնա: Մի քանիսը կան, որոնք մեր գյուղում առանձնատուն ունեն, որտեղ անցկացնում են ամառն ու ձմեռը: Նրանք են միայն գազ սպառում”: Պարոն Կարապետյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում սխալ համարեց գյուղի գազաֆիկացումը: Նրա համոզմամբ՝ այս աշխատանքներն անելու փոխարեն կարելի էր նախ եւ առաջ գյուղի ճանապարհներն ասֆալտապատել կամ դպրոցը վերանորոգել:
“Եթե պետք է ժողովուրդը չօգտվի, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը: Այս անգամ ավելի շատ կնվազի գազ սպառողների թիվը: Մարդիկ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Ճիշտ է, մեր գյուղում կարկուտ չի եկել, բայց մեր պտղատու այգիներում բերք չկա: Մնացել ենք մալինայի հույսին: Դրանից ստացած գումարով կարո՞ղ ենք գազի, էլեկտրաէներգիայի վճարները տալ: Իհարկե ոչ: Գյուղացիները նույնիսկ փայտի փող չունեն: Մի բուռ ալյուրի փող չունեն, ուր մնաց՝ գազի, փայտի: Այն ժամանակ, երբ պատերազմ էր, ու լույս չկար, դա համատարած էր, մարդիկ հաշտվում էին դրա հետ: Եթե չկար, ուրեմն բոլորի համար չկար, նույնիսկ վարչապետի կամ օլիգարխի, բայց այսօր այդ գազը կլինի ե՛ւ օլիգարխի, ե՛ւ վարչապետի համար, իսկ գյուղացիները կսկսեն նորից աթար վառել: Այլ ելք չկաե,-զայրացած նկատեց գյուղապետ Կարապետյանը:
Զարինջա համայնքի բնակիչները նույնպես սկսել են դժգոհել գազի սակագնի բարձրացումից: Համայնքապետ Սեւադա Մանուկյանը դժվարանում է կանխատեսել, թե կոնկրետ քանի տոկոսով կնվազի գազ սպառողների թիվը: “Առանց այդ էլ մեր գյուղում ընդամենը երկու-երեք տուն էր ձմռանը գազով ջեռուցվում: Հիմա թե այդ թիվն էլ կկրճատվի, չգիտեմ: Ի՞նչ արած, պետք է հաշտվենք”,-նշեց Մանուկյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 549 համար