Հայաստանյան քաղաքական անցուդարձին վերաբերող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված այս փաստաթղթում ներկայացված են ամերիկացի դիվանագետի եւ այնժամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 18-ին, որի ընթացքում քննարկվել է մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանի գործունեությանն ու Գագիկ Ծառուկյանի` այսօր արդեն նախկին ԲՀԿ-ին:
Ամերիկացիների հետ ընթրիքի ընթացքում Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ է խոստացել` «այս անգամ խարդախություն չպետք է լինի»: Սարգսյանը նկատել է, որ այլեւս ինքն անմիջականորեն է առնչվում Հանրապետական կուսակցության հետ, ինչը պարտավորեցնող հանգամանք է իր համար: Այդ իսկ պատճառով էլ Սարգսյանը կարեւոր է համարել, որ այդ մեսիջը հասնի բոլորին, ինչն էլ թույլ կտա նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ բարձրացնել իր հեղինակությունը: Հեռուն նայելով` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գալիք նախագահական ընտրությունները (խոսքը վերաբերում է 2008թ. ընտրություններին,-հեղ.) շատ ավելի լավն են լինելու:
Սարգսյանն ամերիկացիներին անկեղծորեն խոստովանել է, որ ընդդիմության մեջ ոչ մեկին չի համարում իրեն լուրջ մրցակից: Ըստ նրա` «անկեղծ ասած, նախագահական ընտրարշավը մեկնարկել է 2007թ. մայիսի 12-ին»: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները կայացել էին հենց այդ օրը, որի արդյունքներով ՀՀԿ-ն զբաղեցրել էր առաջին, իսկ ԲՀԿ-ն` երկրորդ հորիզոնականը:
Ի դեպ, իր թիմին փոխանցելով այս անգամ «խարդախություն չպետք է լինի» մեսիջը` Սերժ Սարգսյանը ընդունել է, որ նախորդ ընտրությունները անցել են կեղծիքներով, որոնց վրա, ի պաշտոնե, նա աչք փակելու իրավունք չուներ:
Իսկ, ահա, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական կարգավիճակի մասին հարցին` Սերժ Սարգսյանը հերքել է մամուլում այդ ժամանակ լայնորեն տարածված տեղեկությունները, թե իբր Քոչարյանը զբաղեցնելու է նորովի ուժեղացված վարչապետի աթոռը: Սարգսյանը տեղեկացրել է, որ Քոչարյանը որեւէ կոնկրետ ծրագիր դեռ չունի, սակայն նախատեսում է 3-4 ամիս լիակատար հանգստի գնալ եւ միայն դրանից հետո հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Սերժ Սարգսյանը ենթադրել է, որ Քոչարյանին գուցե եւ դուր գա նախկին նախագահի կարգավիճակը, եւ կառավարելու ողջ լարվածությունն այլեւս չգրավի նրան: Սարգսյանը կարծիք է հայտնել, որ նախագահության 10-ամյա շրջափուլը իր լրջագույն ազդեցությունն է ունեցել Քոչարյանի վրա:
Ըստ նրա՝ 2007թ. դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գործնականում որեւէ անձնական մտերիմ ընկեր չուներ, ինչը արդյունք է բարդ որոշումների ու մեկուսացած նախագահական կենսակերպի: Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Քոչարյանը գուցե բավարարվի իր թողած հաջող քաղաքական ժառանգությամբ, եւ անձնական կյանքի վրա կենտրոնանալը լինի նրա համար նոր փոփոխությունների սկիզբ: Հետաքրքիր է` իսկ ինչո՞վ հետնախագահական հանգիստը այդպես դուր չի գալիս Սերժ Սարգսյանին, որ Սահմանադրության փոփոխության գնով անգամ նա չցանկացավ հեռանալ իշխանության բարձունքից:
Գուցե Սերժ Սարգսյանն էլ է անցել մեկուսացած կենսակերպի ու ոչ մի մտերիմ ընկեր չունի, որին կարող էր վստահել իր հետնախագահական հանգստի երաշխավորի կարգավիճակը: Փաստ է, սակայն, որ Քոչարյանի` իշխանության ղեկին այլեւս մոտենալու անկարողությունը արդյունք էր նաեւ հենց այդ 3-4 ամիս «հանգստի», որի ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց անայլընտրանք խաղացող դառնալ դրսի ուժերի համար եւ դրանով էլ պայմանավորված` գերակայություն ստանալ ներկլանային հարթակում:
Ամերիկացիների հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաեւ ԲՀԿ-ի թեման: Նա խոստովանել է, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հրահրմամբ է ԲՀԿ-ն ձեռնարկել` իբրեւ ՀՀԿ-ի մրցակից: Փերինան, սակայն, շեշտում է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել Քոչարյանի շարժառիթների մասին: Ամերիկացին ենթադրում է, որ այդ կերպ Քոչարյանը ցանկացել է ունենալ սեփական քաղաքական ուժը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ծառուկյանը անկեղծորեն զարմացած ու հիասթափված է եղել 2007թ. ընտրություններում իր կուսկացության ստացած ձայների քանակից:
Սերժ Սարգսյանի համոզմամբ` Ծառուկյանն իրեն շրջապատել է քծնող մարդկանցով, որոնք նրան համոզել են, թե իբր ինքն անչափելիորեն սիրված է Հայաստանում, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել: Սարգսյանն անկեղծացել է, որ ընտրություններից հետո իր մոտ է հրավիրել Ծառուկյանին ու նրան ասել. «Մի հուսահատվիր, ամեն ինչ լավ կլինի: Դու լավ դիրքերում ես: Դու ունես այստեղ հաջող բիզնեսներ, եւ ես չեմ պատրաստվում որեւէ կերպ միջամտել դրանց»: Ենթադրելի է, որ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու նախորդ տարվա փետրվարյան գործընթացն էլ է զարգացել վերոնշյալ տրամաբանությամբ` Քոչարյանի հրահրման ու բիզնեսներին չմիջամտելու արարներով:
Ն. Հովսեփյան