Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
 
“Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել և կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից:
 
Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռևս 1970-ական թվականներին, և մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով ևս հայտարարել բաց մրցույթներ:
 
Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաև համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Հանձնարարվել է աշխատանքները շարունակել և հարցը մշտական հսկողության տակ պահել:
Գյուղատնտեսական մթերքների առևտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաև առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:
 
Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները թերի կատարած 64 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ և պարգևատրել լավագույն տնտեսվարողներին:
 
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է մշատական հսկողություն:
 
Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել և վերականգնվել է Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն:
 
“Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի” տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները:
Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու, նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ: Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:




Լրահոս