ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՎԱՂՈՒՑ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրվել էր՝ ԵԽԽՎ-ում երեկ քվեարկության դրվեցին հակահայկական երկու զեկույցները` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: Նրանցից առաջինը ԵԽԽՎ-ն քվեարկությամբ մերժեց, իսկ մյուսը հաստատեց: Տվյալ դեպքում Հայաստանի համար առավել անբարենպաստ փաստաթուղթը «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցն էր, որը, բարեբախտաբար, ԵԽԽՎ-ն մերժեց ու վերադարձրեց քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողով: «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը, չնայած նույնպես հակահայկական բովանդակություն ունի, սակայն այն ավելի շատ հումանիտար բնույթի փաստաթուղթ է եւ ի տարբերություն առաջինի՝ հեռու գնացող քաղաքական ձեւակերպումներ չի պարունակում: Իհարկե, հայտնի է, որ ԵԽԽՎ զեկույցներն իրենց բնույթով պարտադրող չեն եւ դրանք չեն կարող թիրախ դարձած երկրի համար անմիջական հետեւանք ունենալ: Սակայն նման զեկույցները, միեւնույն է, միջազգային հեղինակավոր ատյանի կողմից ընդունված փաստաթղթեր են եւ կարող են օգտագործվել առավել ծանրակշիռ փաստաթղթերի կազմման ժամանակ: Ու եթե ԵԽԽՎ-ում ներկայացված երկրներում գործունեություն ծավալող ՀՀ դեսպաններն իրենց աշխատանքը կատարած լինեին եւ զբաղվեին դիվանագիտությամբ, այլ ոչ թե բիզնեսներով, ապա մեկուկես տարվա «կյանք ունեցող» զեկույցները չէին մտնի մեծ օրակարգ: Եւ ամենեւին պետք չէ հերոսանալ՝ ձեւացնելով, թե Հայաստանը հաղթեց: Իրականում հասկանալի է, որ ԵԽԽՎ քվեարկության վրա լրջագույն ազդեցություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը, որը կոչ էր անում չխանգարել բանակցային գործընթացին, որը վարում է Խումը:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը կոնկրետ պայմանով է նշանակվել իր պաշտոնում: Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը նշանակվեց անցած տարվա հոկտեմբերին` «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո: Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենին զգուշացրել են, որ նա շարունակելու է իր նախորդի` Եվգենի Բիբինի պես բարձր աշխատավարձ ստանալ, սակայն պարտավորված է լինելու բացառել էներգահամակարգում առկա բոլոր տեսակի գողությունները: «Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է»,- մոտավորապես այսպես է բացատրվել նոր տնօրենին իրավիճակի լրջությունը: Ինչպես հայտնի է՝ էլէներգիայի գողությունը վերջնահաշվարկներում իբրեւ կորուստ է ներկայացվում, եւ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը փաստացի լինելու է Հարությունյանի կառավարման արտացոլումը: ՀԷՑ մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանը նշված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ասաց. «Նոր ղեկավարը նոր անձնակազմի հետ միասին աշխատում է էլէներգիայի կորուստները նվազեցնելու ուղղությամբ»:

 

 

 
Արդեն 8 տարի է, ինչ Միհրան Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: ԴԱՀԿ-ն ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության կառույց է: Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում արդեն երեք արդարադատության նախարար է փոխվել: Արփինե Հովհաննիսյանը գլխավոր հարկադիր կատարողի «ցանկում» չորրորդ նախարարն է: «Ժողովուրդ»-ը երեկ Պողոսյանին հետեւյալ հարցն ուղղեց. «Սովորաբար Դուք ՀՀ արդարադատության բոլոր տղամարդ նախարարների հետ խնդիրներ եք ունեցել եւ ցուցադրաբար չեք ենթարկվել նրանց: Արդյո՞ք հիմա լռելյայն կատարում եք արդարադատության կին նախարարի բոլոր հրահանգները»: Գլխավոր հարկադիր կատարողը, ինչպես միշտ, «անմեղ» ձեւանալով՝ պատասխանեց. «Ես ոչ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, կատարել եմ իմ պարտականությունները: Դա կլինի տղամարդ թե կին նախարար, ես կատարում եմ օրենքով սահմանված կարգով այն բոլոր լիազորությունները, որը որ օրենքը լիազորում է ինձ: Եւ ինձ համար բացարձակապես տարբերություն չկա նախարարը կին է, թե տղամարդ»:

 

 

 

ՀՀ ՔԱԳՎ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ուղեւորաշրջանառությունը կազմել է 1 մլն 919 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ` 2014 թվականի տվյալից պակաս է 164 հազարով: Ի դեպ, ուղեւորաշրջանառության անկումը գրանցվել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում` 165 հազար ուղեւոր: Այսինքն՝ ստացվում է, որ «Զվարթնոցի» շրջանառությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով: Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում նշված օդանավակայաններով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել է մոտ 11 հազար: Կարող ենք ասել, որ եվրոպական երկրներ արտագաղթած ՀՀ քաղաքացիների տարեկան թիվը, որպես կանոն, 10-ից 15 հազար մարդու սահմաններում է լինում: Իսկ ԱՊՀ երկրներ կամ ավելի կոնկրետ ՌԴ արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսից օգտվել: Այսինքն՝ արտագաղթի ընդհանուր թիվը հայտնի կլինի սահմանահատումների ամփոփ տվյալները հրապարակելուց հետո:

 

 

 
ԱՆԱՌԱՋԱՐԿ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում վերջապես հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե անցած սեպտեմբերի սկզբից ի վեր Ռուսաստանը կողմերին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակ, որը ենթադրում է ազատագրված մի քանի շրջանների վերադարձ ադրբեջանական կողմին: Լավրովը երեկ ասել է.«Լավրովի կամ որեւէ այլ անձի անունը կրող փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնք համանախագահները նախապատրաստել էին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր փուլերում… Նման լուծումներ այժմ մենք որոնում ենք գաղափարների, բարձրաձայնված մտքերի մակարդակում: Որեւէ այլ փաստաթուղթ` ԵԱՀԿ-ում պահ տրվածներից բացի, գոյություն չունի: Մնացած ամենը պարզապես փնտրտուք է»:
Թե որն է պատճառը, որ ռուսական կողմը հենց հիմա որոշեց հստակեցնել, որ Մոսկվան որեւէ առանձին նախաձեռնություն հանդես չի բերել, թերեւս կարելի է կռահել: Ըստ ամենայնի, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում նոյեմբերի վերջից սկսած լարվածությունը, որի արդյունքում շեշտակիորեն մեծացավ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանն այս հակամարտության ընթացքում նախապատվությունը տալիս է «մեծ եղբորը», ուստի Ռուսաստանը ստիպված եղավ վերանայել տարածաշրջանում իր առաջնահերթությունները: Հակառակ դեպքում ոչինչ չէր խանգարում Սերգեյ Լավրովին երեկվա հայտարարությունն ավելի վաղ անելու, հատկապես որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տարբեր հարթակներց, այդ թվում ե՛ւ ԵԽԽՎ, ե՛ւ ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում, հայտարարում էր, որ Ս. Լավրովը Բաքվում եւ Երեւանում ներկայացրել է կարգավորման նոր առաջարկություն: Ավելին` այդ մասին արտահոսքեր եղան նաեւ ռուսական մամուլում, մասնավորապես «Կոմերսանտ»-ում: Սակայն չնայած լրագրողների բազմաթիվ հարցադրումներին, մինչ օրս ռուսական ԱԳՆ-ն քար լռություն էր պահանում այս հարցի շուրջ:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ռուսաստանի ԱԳՆ-ի այս լռությունը բացատրում էր նրանով, որ Ադրբեջանն ամեն օր մի անհեթեթություն է ասում, եւ միջնորդները պարզապես չեն կարող դրանք բոլորը հերքել: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ «Ռ Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում, պատասխանելով Լավրովի առաջարկի մասին հարցին, ոչ թե առհասարակ հերքեց այդ առաջարկի գոյությունն ու դրա շուրջ եղած բանակցությունները, այլ ընդամենը բավարարվեց զգուշավոր` «մենք որեւէ նման պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել» պատասխանով: Ամեն դեպքում, Լավրովի՝ երեկվա հայտարարությունից հետո «նոր առաջարկի» մասին խոսակցությունը կարելի է փակված համարել: Առայժմ:




Լրահոս