ԵԹԵ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ, ԻՆՉԵՐ ԿԱՆԵԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցներից մեկը՝ «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» երեկ քվեարկությամբ մերժվեց, իսկ մյուսը` «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը հաստատվեց:

Մինչ այս բազմիցս նշվել է, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն է: Իհարկե, երկու փաստաթղթերից մեկի «վնասազերծումն» ավելի լավ է, քան ոչինչը: Բայց այս զեկույցների շուրջ ծավալված իրադարձությունները բավական ուշագրավ հանգամանքներ են բացահայտում, ինչը չի կարելի անտեսել:
Հիշեցնենք, որ զեկույցների մասին հայտնի էր դեռեւս մեկուկես տարի առաջ: Այսինքն՝ ակնհայտ էր, որ եթե ՀՀ դիվանագիտական կորպուսը միջոցներ չձեռնարկի, ապա այդ փաստաթղթերն, ի վերջո, հայտնվելու են ԵԽԽՎ օրակարգում եւ հաստատվելու են: Մեկուկես տարի շարունակ ՀՀ դիվանագիտական կորպուսը ձեռքերը ծալած նստած սպասում էր, իսկ Հերմինե Նաղդալյանը եվրոպացիներին հաթաթաներ տալուց բացի՝ ուրիշ ոչինչ չէր կարողանում անել: Ի վերջո, բոլորը տեղներից շարժվեցին միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ հակահայկական զեկույցները ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելն այլեւս անխուսափելի է: Դրանից հետո նոր միայն Հայաստանի դիվանագիտական կորպուսը սկսեց այս խնդրով լրջորեն զբաղվել: Ավելին՝ այս խնդրի լուծման գործընթացում զբաղվեցին բոլորը, այդ թվում ընդդիմադիր գործիչներն ու քաղաքական ուժերը: Եւ ամենակարեւորը՝ ողջ գործընթացը վերահսկվում էր ՀՀ նախագահի նստավայրի կողմից:
Գործնականում կարող ենք արձանագրել, որ այս յուրահատուկ համահայկական «մոբլիզացիան» իր արդյունքը տվեց` երկու զեկույցներից մեզ համար առավել վտանգավոր որակումներ պարունակող փաստաթուղթը մերժվեց եւ վերադարձվեց ԵԽԽՎ քաղաքական ու ժողովրդավարության հարցերի հանձնաժողով:
Հատկապես այս ամենից հետո հարց է ծագում՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսը ինչու նույն եռանդով չէր գործում դեռեւս 2014-ի աշնանից, երբ հայտնի դարձավ, որ նման զեկույցներ են նախապատրաստվում: ԵԽԽՎ-ում ներկայացված են 47 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: Ադրբեջանը եւ Թուրքիան հանած, ցանկում մնում են 44 երկրներ: ԵԽԽՎ-ում որեւէ երկիր ներկայացնող պատվիրակները քաղաքական գործիչներ են եւ առաջին հերթին իրենց անձնական նպատակահարմարությամբ են առաջնորդվում: Այսինքն՝ եթե եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները կարողանան համապատասխան երկրի քաղաքական շրջանակներին համոզել, որ հակահայկական զեկույցների ընդունումն անթույլատրելի է, ապա ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը ապարդյուն կանցնեն:
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից 21-ում Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ, ասել է՝ դեսպանատներ ունի: Բացի այդ՝ Հայաստանը մշտական ներկայացուցիչ ունի եվրոպայի խորհրդում եւ ֆրանկոֆոնիայի խորհրդում: Եվրոպական երկրների մեծ մասում եւ հատկապես այն երկրներում, որտեղ մենք դեսպան ունենք, առկա է հայկական սփյուռք: Այդ երկրներում տեղի հայկական սփյուռքի կազմակերպությունների միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղի քաղաքական ուժերի հետ եւս բանակցել: Այլ կերպ ասած՝ մեր դեսպանների տրամադրության տակ սովորականից մի բան էլ դեռ ավել գործիքակազմ կա՝ Հայաստանի շահերն առաջ մղելու համար: Բայց այդ խնդրի լուծման համար մեր դեսպանները պետք է դիվանագետներ լինեն, տեղի հայկական համայնքի մոտ հարգանք վայելեն եւ կոռումպացված պաշտոնյայի համարում չունենան: Նշված 21 դեսպաններից դժվարանում ենք ասել, թե քանիսին կարելի է իր պաշտոնին արժանի համարել:
Հայաստանում բոլորը գիտեն, որ տարբեր երկրներում մեր դեսպաններն ինչպես են նշանակվում: Դեսպանները, որպես կանոն, նշանակվում են իշխանական այս կամ այն թեւի բիզնես շահերը սպասարկելու համար, եւ դեսպանների մեծ մասը դիվանագիտություն ասվածի հետ ընդհանրապես առնչություն չունի: Նրանք հիմնականում կազմակերպում են իշխանության ներկայացուցիչների կանանց գնումները եւ «պատիվ տալու» գործընթացը:
Ստորեւ բերված ցանկում ներկայացված են եվրոպական այն երկրները, որոնցում Հայաստանը դեսպան ունի, ու պետք է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը մեղավոր է՝ ստեղծված իրավիճակի համար: Նրանք գործում են 0 նախաձեռնություն սկզբունքով:
1. Լիտվայում – Արա Հենրիի Այվազյան
2. Լեհաստանում – Էդգար Ֆերդինանդի Ղազարյան
3. Ուկրաինայում – Անդրանիկ Ենոքի Մանուկյան
4. Հունաստանում – Գագիկ Կիմիկի Ղալաչյան
5. Ռումինայում – Համլետ Արամայիսի Գասպարյան
6. Դանիայում – Հրաչյա Հայկի Աղաջանյան
7. Վրաստանում – Յուրիկ Նորայրի Վարդանյան
8. Նիդերլանդներում – Ձյունիկ Ֆրունզեի Աղաջանյան
9. Շվեյցարիայում – Շառլ-Վաղինակ Միքայելի Ազնավուր
10. Ավստրիայում – Արման Ջոնի Կիրակոսյան
11. Իտալիայում – Սարգիս Վահագնի Ղազարյան
12. Ֆրանսիայում – Վիգեն Իվանի Չիտեչյան
13. Չեխիայում – Տիգրան Սեյրանի Սեյրանյան
14. Ռուսաստանում – Օլեգ Եսայի Եսայան
15. Իսպանիայում – Ավետ Ռոբերտի Ադոնց
16. Բուլղարիայում – Արսեն Ալիկի Սհոյան
17. Բելգիայում – Թաթուլ Խիկարի Մարգարյան
18. Գերմանիայում – Աշոտ Գվիդոնի Սմբատյան
19. Վատիկանում – Միքայել Արայի Մինասյան
20. Մեծ Բրիտանիայում – Արմեն Վարդանի Սարգսյան
21. Շվեդիայում – Արտակ Գեւորգի Ապիտոնյան
22. ԵԽ-ում – Արմեն Սմբատի Պապիկյան
23. Ֆրանկ. խորհրդում -Քրիստիան Միշել Ստեփանի Տեր-Ստեփանյան

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀՈՒՇԱԳՐՈՎ ԹԵ ԱՌԱՆՑ ԴՐԱ
Սկսած 2003 թ-ից, երբ առաջին անգամ Հայաստանում իշխանական կոալիցիա ձեւավորվեց, կողմերը գրավոր արձանագրում էին փոխադարձ պայմանավորվածությունները: Արդյոք իշխանական նոր ձեւավորվող կոալիցիայի մասով եւս նախատեսվում է հուշագիր ստորագրել, թե՞ այս անգամ կողմերը բանավոր պայմանավորվածություններով կբավարարվեն: «ժողովուրդ»-ը երեկ այս հարցը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից: Ի պատասխան՝ Մինասյանն ասաց. «Դուք մի քիչ շտապում եք: Դեռ համագործակցության մասին է քննարկվում, որը կարող է բերել կոալիցիայի կամ չբերել կոալիցիայի: Պետք է սպասենք՝ այդ քննարկումները կավարտվեն, եւ ամեն ինչ պարզ կդառնա»:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
Արդեն մի քանի օր է, ինչ երիտասարդ մայրերն անհանգստացած են, քանի որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստները՝ 18 հազար դրամ, դեռեւս չեն ստացել: Նախկինում այդ գումարը վճարվել է ամսվա 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: Երեկ հայտնի դարձավ, որ այսուհետ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները վճարվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը: «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից փորձեց պարզել, թե ինչն է եղել այս փոփոխության պատճառը: Այս գերատեսչությունից ի պատասխան՝ ասացին. «2015թ.-ի դեկտեմբեր եւ 2016թ.-ի հունվար ամսվա դիմումների հիման վրա նպաստի վճարումը կսկսվի 2016թ.-ի փետրվարի առաջին տասնօրյակից: Մինչ 2016թ.-ն այդ նպաստը նշանակում եւ վճարում էին սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները (բաժինները), իսկ 2016 թվականից սկսած դրանք նշանակվելու են սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից: Այսինքն՝ ուշացումը կապված է ներկա փուլում կատարվող աշխատանքների հետ»:

 

ԹԱՆԿ ՎՃԱՐՆԵՐ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա սկզբի դրությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը շուրջ 240 մլն դրամ է ծախսել կոմունալ վճարների համար: Մասնավորապես, ՀՀ կառավարությունն ընդհանուր 134 մլն 727 հազար դրամ վճարել է էլէներգիայի դիմաց, որից 128 մլն դրամը մեկ պայմանագրով: Կառավարության շենքի գազի վարձավճարը կազմել է 67 մլն դրամ, իսկ ջրի վարձի համար կառավարության աշխատակազմը հատկացրել է 11 մլն դրամ: Վերը նշվածից բացի՝ կառավարության աշխատակազմը երկու պայմանագրերով ֆիքսված հեռախոսային ծառայությունից օգտվելու համար էլ վճարել է ընդհանուր 27 մլն դրամ: Մի խոսքով, ակնհայտ է, որ ՀՀ կառավարության շենքի պահպանումը բավականին թանկ հաճույք է:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ 

 

ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երեկ մշտադիտարկում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Թովուզի շրջանում` Ալիբեյլի գյուղի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:

 

ՀՈՐԴՈՐԵԼ Է
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Հռոմում գործարարների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Իրանը տարածաշրջանի ամենակայուն եւ ապահով պետությունն է։ Անցած երկու տասնամյակում առաջին անգամ Իտալիա եւ Ֆրանսիա մեկնած Իրանի ղեկավարը հորդորել է օտարերկրացի ներդնողներին համագործակցել Իրանի հետ: Ռոհանին այցելել է նաեւ Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Գարիկ Սարգսյանը, Զավեն Մարգարյանը, Հակոբ Սիմիդյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ են ունեցել Արարատի մարզի Նոր Կյանք, Արալեզ եւ Ոսկետափ համայնքներում։ Քննարկվել են քաղաքացիներին հուզող խնդիրներ: «Քաղաքացիական պայմանագրի» անդամները ներկայացրել են տեղեկատվություն՝ կուսակցության առաջիկա անելիքների, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական ծրագրերի մասին։

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը տեղյակ չէ դաշնակցականների` կուսակցությունը լքելու մասին: Armlur.am-ի հետ զրույցում նա նշել է, թե նման տեղեկություններ չունի: Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, թե ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հայտարարությունից հետո մի քանի դաշնակցականներ լքել են կուսակցությունը: «Հիմա խորհրդակցություններ են տեղի ունենում ՀՀԿ ներկայացուցիչների հետ, երբ հստակ դարձավ, գերագույն մարմինը կանի հայտարարություն», – ասել է Մանուկյանը:

 

ՑՐՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Նշվում է, որ դեսպանատունն աշխատանքը դադարեցրել է ցուրտ եղանակային պայմանների պատճառով. վիզային հանդիպումները չեղյալ են հայտարարվել: Հետաքրքիր է՝ գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանում դեսպանատան շենքը չի՞ ջեռուցվում:




Լրահոս