ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից դատախազության համակարգը վերահսկողության տակ առնելու եւ, այսպես ասած, «քիմ-մաքրում» իրականացնելու գործընթացը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատախազի դեմ ուժայինների կողմից արշավ է սկսվել, ինչին վերջինս փորձում է դիմակայել` ֆինանսապես ապահովված դեմքերին բարձր պաշտոնների նշանակելով:
«Ժողովուրդ»-ը հունվարի 22-ի համարում գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազությունում փոփոխությունն է իրականացնում, ինչին զուգահեռ նաեւ համակարգից հեռացնում է «հին կադրերին»: Սակայն այսքանով դատախազությունում սպասվող փոփոխությունները չեն ավարտվում, քանի որ դեռ համակարգում մնացել են Գեւորգ Կոստանյանի համար օտար եւ ոչ համատարիմ մարդիկ, որոնցից պատրաստվում է ազատվել: Այս իրավիճակի պատճառը այն է, որ Գեւորգ Կոստանյանի դեմ սկսել են «դավեր նյութել» ոչ միայն այն մարդիկ, որոնք օգնել են եւ Սերժ Սարգսյանի մոտ լոբբինգ իրականացնելով՝ հասել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նրա նշանակմանը, այլեւ ուժային մյուս կառույցի ղեկավարները, որոնց Գեւորգ Կոստանյանն ամեն առիթով ցույց է տալիս իր «ուժն» ու անկախությունը՝ իբրեւ ուժային կառույցի ղեկավար:
Եւ այսօր, ըստ համակարգին մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ գլխավոր դատախազը լարված հարաբերություններ ունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանի հետ: Դե, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ նրա վատ հարաբերությունների մասին վաղուց է հայտնի: Եւ այսօր այս ուժային կառույցներն իրենց հերթին ամեն ինչ անում են՝ նրա դիրքերը Սերժ Սարգսյանի մոտ թուլացնելու համար: Բանն այն է, որ մինչ այս պահը դեռեւս Սերժ Սարգսյանը վստահում է ՀՀ գլխավոր դատախազին: Բայց ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները պարբերաբար Սերժ Սարգսյանի սեղանին են դնում տարբեր շրջանների դատախազների կողմից արված մանր ժուլիկությունների դեպքերը: Եվ, որպեսզի Գեւորգ Կոստանյանն ապացուցի, որ ինքը որեւէ առնչություն չունի ներքին օղակներում պտտվող «մաղարիչների» հետ, մաքրում է համակարգը: Եւ հատկապես վերջին շրջանում դատախազության համակարգում բարձր ու խոստումնալից պաշտոնների է նշանակում այնպիսի մարդկանց, որոնք կայացած են ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մասնագիտական առումով, որպեսզի առավել շատ կարեւորեն դատախազի թասիբը, քան կողքից կլորիկ եկամուտ ապահովելը, ինչ-որ պատվերներով մարդկանց լավություն անելը:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե այս վերջին փոփոխությունների արդյունքում պաշտոն ստանձնած մարդիկ ինչ անցյալ ունեն եւ ինչ առավելություն ունեն մյուս պաշտոնյաների նկատմամբ:
Եվ այսպես, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ նշանակված Արմեն Աֆանդյանը, որը 2013թ-ից զբաղեցրել է Սյունքի մարզի դատախազի պաշտոնը, պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա հայրը ՀՊՄՀ դասախոս է, եղբայրը՝ անվանի բժիշկ, բնակվում եւ աշխատում է Մոսկվայում:
Արմեն Աֆանդյանը նաեւ ազգակցական կապ ունի հայտնի գործարար Գեւորգ Աֆանդյանի հետ, որին էր պատկանում «Սթար» խանութների ցանցը, Արզնի հանքային ջրերի գործարանը:
Տավուշի մարզի դատախազի պաշտոնում նշանակված Արմեն Մարուխյանը 2003թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2013թ-ից նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: Նրա հայրը եւս մասնագիտությամբ իրավաբան է: Ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնը: Մայրը դասավանդում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանը ՀՀ դատախազության համակարգում է 2012թ.-ից է: Նախ նշանակվել է որպես Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, այնուհետեւ տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Վերջինիս հայրը եւս ԵՊՀ դասախոս է:
Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը ՀՀ դատախազության համակարգում աշխատում է 1999 թվականից: Եղել է ՀՀ զինվորական դատախազության քննիչ, այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ, 2013թ.ից նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազ:
Նկատենք, որ նշված մարդկանց մեծ մասն աշխատել է զինդատախազությունում, որտեղ նախկինում աշխատում էր Գեւորգ Կոստանյանը՝ զինդատախազ: Հիմա մնում է՝ թվարկվածները չտրվեն գայթակղությանը: Արդյո՞ք հնարավոր կլինի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ՉԿԱ՞Ն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում հաշվառված մեքենաները ճանապարհային ոստիկանության կողմից «դաբրո» ունեն եւ, այսպես ասած, որտեղ, ինչպես ցանկանում, մեքենա են վարում, աղբահանություն իրականացնում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ճանապարհային ոստիկանության եւ «Սանիթեք» ՍՊԸ-ի միջեւ ներքին պայմանավորվածություն կա, եթե «Սանիթեքի» մեքենաները կանգնել են չնախատեսված վայրում, ապա ճանապարհային ոստիկանությունը չի տուգանում նրանց: Իմանալով այս ներքին պայմանավորվածության մասին՝ վարորդներն իրենց արտոնյալ են համարում: Ասվածի ապացույցը հունվարի 23-ին Բագրատունյաց-Արտաշատի խճուղի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարն էր: Բանն այն է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում հաշվառված մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառ, այնուհետեւ բախվել մայթի բետոնե հատվածին եւ կողաշրջվել: Հայտնի էր դարձել, որ ՍՊԸ-ի մեքենան վարած վարորդը եղել էր ալկոհոլի ազդեցության տակ: Ավելին՝ վերջինիս մեքենայից հայտնաբերվել են նաեւ գարեջրի կիսադատարկ շշեր:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Սանիթեք» ՍՊԸ-ի PR մասնագետ Էլեոնորան վստահեցրեց, որ ճանապարհային ոստիկանության եւ ՍՊԸ-ի միջեւ ներքին պայմանավորվածություն չկա. «Մեր հիմնական խնդիրը երկրորդ գիծ կանգնելն է, եւ դա լինում է այն դեպքում, երբ մեքենաները փակում են աղբամանի դիմացը, ու ոչ մի կերպ չի լինում աղբը հանել, իսկ դրանից այն կողմ այլ խնդիր՝ արագության կամ խախտման, մեր վարորդները թույլ չեն տալիս: Եթե մեր վարորդները արագություն են գերազանցում, ապա ՍՊԸ-ի կողմից նկատողություն են ստանում»:
Անդրադառնալով ՍՊԸ-ի վարորդի՝ ալկոհոլի ազդեցության տակ ավտովթարին, Էլեոնորան պատասխանեց. «Այդ դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ մնացած մանրամասների մասին մենք ավելի ուշ տեղյակ կպահենք»:
ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Հակոբյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ արտոնյալ վարորդներ չկան, ներքին հրահանգ առավելեւս չկա, որ ՍՊԸ-ի աշխատակիցներին չտուգանեն. «Օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Նկատենք, եթե չլիներ վթարը, դժվար թե հայտնի դառնար, որ ՍՊԸ-ի վարորդը հարբած աղբահանություն է իրականացնում: Հուսանք՝ սա կլինի առաջին ու վերջին դեպքը:
Ք. Մ.
ՎԵՑԵՐՈՐԴԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնել է նրա պաշտպան Հերմինե Միքայելյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ նախօրեին էլ «հանցախմբի» հինգ այլ անդամներ ազատ արձակվեցին:
ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Հունվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների: ԼՂ ՊՆ փոխանցմամբ` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց: Բացի վերոնշյալից՝ հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ԻՍԿ ՈՎ ՊԻՏԻ ԻՄԱՆԱ
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում, ոչ թե պաշտոնյաների, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է.«Ըստ զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ ֆիզիկական եւ առողջական հատկանիշները: Ցավոք, չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում»:
ԿՀԱՆՁՆԵՆ
«Ա1+»-ի տեղեկացմամբ` Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին: Հարազատներին այս մասին տեղեկացրել են արդարադատության նախարարությունից: