Երեկ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ամփոփեց 2015 թվականի գործունեությունը:
ԴԱՀԿ պետի ներկայացմամբ` 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, որոնցով 2015 թվականին պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է մոտ 25 մլրդ դրամ: Մասնավորապես պետական բյուջեի օգտին՝ ավելի քան 7 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 13.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ ավելի քան 1.5 մլրդ դրամ: Իսկ ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ավարտած եւ կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:
Թվային այս ամփոփագրի ներկայացումից հետո լրագրողները ԴԱՀԿ պետին ուղղեցին մի շարք հարցեր` Պողոսյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերութունների, «Քեթրին գրուպ» ընկերության եւ անձամբ Մ. Պողոսյանի անձնական միջոցների ավելացման վերաբերյալ: Իսկ լրագրողներից մեկը անդրադառնալով Պողոսյանի եւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի լարված հարաբերություններին` հնչեցրեց հետեւյալ հարցը. «Եթե չեմ սխալվում՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության սկզբում խնդիրներ ունեցաք արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ, եւ եթե չեմ սխալվում՝ դրան հաջորդեց Գեւորգ Դանիելյանի հրաժարականը: Ենթական խնդիրներ ունեցավ իր շեֆի հետ, եւ հրաժարական տվեց ղեկավարը: Դուք մեզ կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչ արտոնյալ կարգավիճակում եք գտնվում, որ Ձեր ղեկավարը հրաժարական է տալիս, իսկ Դուք մնում եք Ձեր պաշտոնին»: «Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում, նաեւ՝ նախկին վարչապետի մեկնաբանությունից հետո ճիշտ չէ դա քննարկելը: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց: Ես չեմ կարծում, որ իմ պատճառով է դա եղել: Մի քիչ ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ»,- խուսանավեց ԴԱՀԿ պետը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը առանձին զրույց ունեցավ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, Դուք պետական պաշտոնյա եք, սակայն երթեւեկում եք գերթանկարժեք մեքենաներով: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր կարգ է սահմանել, ըստ որի՝ անխտիր բոլոր վարորդները պարտավոր են իրենց մեքենաների դիմապակու վրայից պոկել, այսպես կոչված, «պլյոնկան»: Արդյո՞ք Դուք արդեն ազատվել եք մգացված դիմապակուց:
-Իմ մոտ երբեւիցե չի մգացվել դիմապակին:
-Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Դուք առաջիկայում նշանակվելու եք ՀՀ ԱԱԾ պետ, ի՞նչ կասեք:
-Ես նման տեղեկություններ չունեմ:
-Սովորաբար Դուք ՀՀ արդարադատության արական սեռի բոլոր նախարարների հետ խնդիրներ եք ունեցել եւ ցուցադրաբար չեք ենթարկվել նրանց: Արդյո՞ք հիմա լռելյայն կատարում եք արդարադատության կին նախարարի բոլոր հրահանգները:
-Ես ոչ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, կատարել եմ իմ պարտականությունները: Դա կլինի տղամարդ թե կին նախարար, ես կատարում եմ օրենքով սահմանված կարգով այն բոլոր լիազորությունները, որոնք որ օրենքով տրված են ինձ: Եւ ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ նախարարը կին է, թե տղամարդ:
-ԴԱՀԿ-ն առանց վճռի բռնագանձումներ է իրականացնում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը արգելում է մարդուն առանց դատարանի որոշման զրկել սեփականությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Մենք բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ: Եւ բազմիցս նշել ենք, թե ինչով ենք առաջնորդվում, մենք արդեն երկու տարի է, ինչ դրա մասին խոսում ենք: Օրենքի պարագայում, որը որ կոնկրետ ընդունվել է, մենք կատարում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները: Հիմա սահմանադրական բարեփոխումներից հետո մենք կտեսնենք, եւ ես կարծում եմ, որ մեր ծառայության անունն էլ կփոխվի, նաեւ որոշակի մոտեցումները: Ես համաձայն չեմ, որ մինչ օրս հակասահմանադրական ենք գործել, որովհետեւ գոյություն ունի օրենք, որով ստացել ենք այդ լիազորությունները եւ պարտավոր ենք դա անել: Այս հարցը քննարկվել է:
Հ. Գ. Ի դեպ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության 2015 թվականի վերջին կայացրած որոշման համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ից 2015 հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից եւ կատարողական ծախսից: Նաեւ 2015 հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 16-ը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է տուգանքի չափի ավելացված մասից:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՆԻՄԱՍՏ ԹՂԹԵՐ
Երեկ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2012 թվականին հայտարարել էր, որ այսուհետ մեքենաները տեխզննում չեն անցնելու, այլ հնարավորություն են ունենալու տեխզննման կտրոնները բանկից գնել եւ փակցնել դիմապակուն: «Տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, եւ պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան եւ մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ»,-ասել էր Սարգսյանը:
Ներկայումս վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ թղթի համար, քանի որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոնները ստանում են առանց տրանսպորտային միջոցների իրական զննության:
Առկա վիճահարույց կարգը փոփոխելու առաջարկի հեղինակ Հովհաննես Մարգարյանը երեկ հանձնաժողովի նիստին ներկա չէր, այդ պատճառով էլ հարցի քվեարկությունը հետաձգվեց: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ճանապարհային երթեւեկության հետ կապված այլ հարցերով հանձնաժողովում առաջիկայում նոր քննարկում է լինելու:
«Ժողովուրդ»-ը հարցի շուրջ զրուցեց հանձնաժողովի անդամներ Խաչատուր Քոքոբելյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ` պարզելու նրանց դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ: Նշենք, որ երկուսն էլ դրական գնահատական տվեցին նախագծին` ընդգծելով, որ ճիշտ կլինի` ավտոմեքենաները տեխզննում անցնելուց հետո միայն կարողանան տեխզննման կտրոններ ձեռք բերել:
«Շատ կարեւոր խնդիր է, եւ շատ կարեւոր հարց է բարձրացվում: Դեռեւս խորհրդային միության տարիներից սկսած այդ բնագավառը մնում է նույն անմխիթար վիճակում, այսինքն՝ տեխզննումը միայն ձեւական բնույթ է կրում: Դա ոչ թե ավտոմեքենաների անվտանգությանն առնչվող խնդիր է, որը քաղաքացիների կյանքի հետ կապ ունի, այլ բյուջեի համալրման, բյուջեն լցնելու խնդիր է: Իմ խորին համոզմամբ այդտեղ խնդիրը լուծելու մեկ եղանակ կա. պետք է ամբողջովին ազատականացվի այդ դաշտը, եւ թույլ տրվի, որ ցանկացած ոք, եթե ցանկություն ունի այդ բիզնեսն իրականացնելու, հնարավորություն ունենա` ինքնուրույն կազմակերպելու եւ ունենալու տեխզննման կետ: Այսօրվա այդ 34 կետերը, որոնք գործում են, գաղտնիք չէ, որ պատկանում են այնպիսի մարդկանց, որոնք օգտվում են արտոնյալ պայմաններից եւ բառացիորեն զուտ որպես բիզնես են աշխատեցնում, այլ ոչ թե տեխզննում կազմակերպում: Շատ պարզ է, որ մինչեւ այս պահը բացակայել է վերահսկողությունը տեխզննման կետերում»,-նկատեց Խաչատուր Քոքոբելյանը:
Իսկ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Պետք է ոչ թե ուղղակի թուղթ վաճառեն, այլ համապատասխան ծառայություններ մատուցվեն: Իսկ եթե չեն մատուցում, ապա ինչու են թուղթ վաճառում»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՅԹԵՐԻ ՁՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՔՐՎԵԼ
Երեւանում երեկ անցորդների համար մայթերով քայլելը փորձության նման մի բան էր դարձել: Նախօրեին տեղացած ձյունը կեսօրին հալվել էր, իսկ երեկ առավոտյան արդեն վերածվել էր սառույցի: Երեւանի քաղաքապետարանը մի շարք փողոցների մայթերի ձյունը նախօրեին չէր մաքրել, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել:
Չնայած որ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում երեկ տեղադրվեց մի տեղեկություն, ըստ որի՝ հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները, այնուամենայնիվ, փաստենք, որ երեկ առավոտյան որոշ վարչական շրջանների բակային տարածքներն ու մայթերը մաքրված չէին: Փողոցները պատված էին սառած ձյան շերտով, իսկ մեքենաները երթեւեկում էին զգուշությամբ:
Իբր աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, եւ առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթեւեկելի: Սակայն պետք է փաստենք, որ հերթական անգամ քաղաքապետարանի փոխարեն մայրաքաղաքի փողոցների մի մասը ձյունից մաքրեց բնությունը. ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց ձյան հալոցքին, եւ փողոցները ակամա մաքրվեցին:
Ս. Հ.