ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է
Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Դավիթ Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Նարեկ Ալեքսանյանին 2015թ. նոյեմբերի 7-ին արգելել է ազատ տեղաշարժվել Հովք գյուղում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառպետության 7-րդ պահաբաժնում: Լրագրողը Հայաստանի անտառների մոնիտորինգ ծրագրի շրջանակներում ցանկացել է անտառում ուսումնասիրություններ կատարել: Դ. Եգանյանը, սակայն, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»): Քրեական այս հոդվածը նախատեսում է 200-400 հազար դրամի չափով տուգանք: Դ. Եգանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կսկսվի փետրվարի 2-ին:

 

ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Տավուշի մարզի 24 բնակավայրեր ունեն սահմանամերձ համայնքի կարգավիճակ եւ ազատված են հողի հարկից, գույքահարկից, օգտվում են ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վարձավճարների կիսով չափ զեղչից: Այս տարեսկզբից սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տրվել Բերդ քաղաքին: Սակայն Բերդի բնակիչներին վարձավճարների արտոնություններ չեն տրվել, այնտեղ լոկ արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություններ են տրվել: Նոյեմբերյան քաղաքի Այգեհովիտ տեղամասը սահմանակից էր Ադրբեջանին, սակայն համայնքների վարչական սահմանների ճշգրտման ծրագրով 2007 թվականից այդ տեղամասը տրվել է Բերդավան համայնքին: Նոյեմբերյանը թեեւ սահմանամերձ կարգավիճակ չունի, սակայն 1990-ական թվականներին ադրբեջանական ռմբակոծության ժամանակ Նոյեմբերյանում տասնյակ զոհեր են եղել: 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական 3 արկ ընկավ Նոյեմբերյան քաղաքի տարածքում, բարեբախտաբար, վնասներ չեղան: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց` արդյո՞ք առաջիկայում Նոյեմբերյան քաղաքը կստանա սահմանամերձի կարգավիճակ: Մարզպետն ասաց, որ խնդիրը արտոնություններ տալը չէ, այլ դրանք օգտագործելը: Նրա խոսքերով՝ Նոյեմբերյան քաղաքից 4 կմ հեռավարությամբ Կողբը, Բերդավանը, Դովեղը սահմանամերձի կարգավիճակ ունեն, եւ եթե արտադրություն կազմակերպելու համար արտոնության կարիք կա, ինչու չեն օգտվում այդ գյուղերի հնարավորություններից: Հ. Աբովյանը հայտնեց, որ մեկ տարի առաջ վերոհիշյալ գյուղերի բնակիչներին արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություններ են տրվել, սակայն ոչ ոք չի օգտագործել դրանք եւ արտադրություն չի հիմնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս