«ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ԱԿԱՆՋԻՆ ԽՈՐԹ Է, ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ ջազ-վոկալիստ Միշ (Միքայել) Ամիրյանը, ով հանդես է գալիս էսիդ ջազ, ֆանք, սոուլ ոճերում, չի սիրում տեսահոլովակներ նկարահանել, հանրության ուշադրության կենտրոնում լինել, սակայն ունի իր լսարանը, տարբեր ակումբներում հանդես է գալիս կենդանի կատարումներով: Նա հասցրել է ելույթ ունենալ աշխարհահռչակ դեմքերի, հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ռիշար Բոնան, Հերբի Հենքոքը, Նինո Կատամաձեն եւ այլք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Միշը զրուցել է հայաստանյան հանդիսատեսի, իր գրանցած հաջողությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Մի՛շ, ինչի՞ց է, որ մեծ մասամբ նախընտրում եք մի տեսակ ստվերում մնալ: Ինքներդ չեք ձգտում հանրության ուշադրության կենտրոնում լինել:
-Ես հիմա նոր գործերի վրա եմ աշխատում, երգում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, տեսահոլովակ չեմ սիրում, հեռուստատեսությամբ երեւալ եւս: Հիմնականում ներկայանում եմ կենդանի կատարումներով, նաեւ` օնլայն տիրույթում: Երաժշտական այն ոճը, որը ես եմ ներկայացնում, հասանելի չէ հասարակության լայն շերտերին, այսինքն` ես ունեմ նեղ, բայց իմ մշտական լսարանը: Հանդես եմ գալիս համերգներով, լինում եմ նաեւ արտերկրում: Ի դեպ, նկատել եմ, որ, օրինակ, Եվրոպայում, երբ մարդ գնում է համերգի, փորձում է մաքսիմալ հասկանալ այն, ինչ լսում է, նույնիսկ եթե իր լսածը խորթ է ականջին, չի թողնի, գնա դահլիճից, իսկ մենք` կգնանք. նման բան միայն մեզ մոտ կարող է լինել: Մենք նորությունը, մի բան, որին սովոր չէ մեր ականջը, չենք ընդունում:
-Այս խնդիրը, ըստ Ձեզ, որտեղի՞ց է գալիս:
-Որքան էլ համացանցը ընդլայնի իր տիրույթը, ամեն դեպքում, մեր ժողովրդի զգալի հատվածն ինֆորմացիա է ստանում հեռուստաընկերություններից: Իսկ վերջիններս այն ոճի երաժշտություն, որը ես եմ ներկայացնում, չեն մատուցում:
-Այս պայմաններում հնարավո՞ր է ջազի, ֆանքի, սոուլի միջոցով գումար աշխատել:
-Հարեւան երկրներում, օրինակ, Վրաստանում, այս երաժշտությամբ զբաղվողները ավելի բարենպաստ պայմաններում են աշխատում, այնտեղ ցանկացած միջոցառում կազմակերպվում է բարձր մակարդակով:, Իսկ, առհասարակ, ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ճիշտ կազմակերպես աշխատանքդ: Այսօր երաժիշտները շատ են ընկնում գումար աշխատելու ետեւից եւ հանրությանը մատուցում են այն, ինչին վերջինս սովոր է: Դա արվում է, որ այդ երգիչ-երաժիշտներին հրավիրեն համերգների, կոորպորատիվների, այնինչ՝ կարելի է նաեւ դուրս գալ այդ շրջանակներից:
-Համաշխարհային հայտնի աստղերի հետ եք հանդես եկել, նրանց հետ ելույթներից ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչը: Նրանց հետ փորձի փոխանակումը որքանո՞վ եք կարեւորում:
-Նինո Կատամաձեի հետ, օրինակ, հետաքրքիր ելույթ եմ ունեցել: Ի դեպ, Վրաստանում իմ լսարանը շատ մեծ է, համերգներիս ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է: Շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունեցել, օրինակ, Ռիշար Բոնայի, Հերբի Հենքոքի հետ, շատերին եմ հանդիպել տարբեր ջազ-փառատոնների ընթացքում: Իսկ փորձի փոխանակում տանը նստած էլ կարելի է անցկացնել, ես ամեն օր 4 ժամ լսում եմ նրանց եւ ոլորտի այլ մեծերի երաժշտություն (ծիծաղում է):
-Գիտենք, որ մի քնաի տարի առաջ կարիերայում մեծ ձեռքբերում եք ունեցել: Ուրիշ արտիստներ անպայման կթմբկահարեին այդ մասին, իսկ Դուք գրեթե չեք խոսել այդ թեմայի շուրջ: Կպատմե՞ք:
-2012-ին բրիտանական «Abbey road» հայտնի ստուդիան երգի մրցույթ հայտարարեց, որի շրջանակներում ընդունվեց 11 հազար հայտ ողջ աշխարհից: Դրանցից ընտրվեց 5000-ը, արդյունքում առաջին հորիզոնականում հայտնվեց իմ ներկայացրած «Triangle» երգը, այդքան դիմորդներից հաղթեցի հենց ես: Բայց մի հետաքրքիր բան եղավ. երբ մրցանակն ուղարկեցին, իմ պետությունն ինձ ասաց, որ այն պետք է մաքսազերծվի: Իսկ մրցանակս ընդամենը ստուդիայի սարքավորում էր… Դրանից հետո լուրջ չեմ համարում ինչ-որ բան անել… Ի վերջո, իհարկե, ես ստացա այդ մրցանակը, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, չգիտեմ` միտումնավոր, թե ոչ…
-Լավ է, որ գիտակցելով երկրում, ասպարեզում առկա բացթողումները, այնուամենայնիվ, նախընտրում եք մնալ եւ ստեղծագործել հայրենիքում:
-Դե ի՞նչ անեմ: Ամեն օր մեծ թվով պրոֆեսիոնալ երաժիշտներ հեռանում են այստեղից… Ես սիրում եմ մեր քաղաքը, որ ես էլ գնամ, ի՞նչ պետք է փոխվի… Այստեղ ես ես եմ եւ անում եմ այն, ինչ ուզում եմ:

 

 

 

ԵՐԱՆՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՆՆՈՒՄ

Դերասան Ռաֆայել Երանոսյանի համար այս տարին խոստումնալից է գործնական նոր առաջարկների առումով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պատրաստվում է նկարահանվել 12 մասից բաղկացած սերիալում, որը հայ-ռուսական համագործակցության արդյունք է: Ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: «Ես լինելու եմ սերիաներից մեկի գլխավոր հերոսը, խաղալու եմ բացասական դեր: Արշալույսն առաջարկեց նկարահանվել ու ասաց` բայց մի քիչ «վատ» դեր է, ասացի` ոչինչ, ավելի լավ, իմ մասնագիտությունն էլ այնպիսին է, որ մի օր «վատ» տղա եմ խաղում, մի օր` համասեռամոլ, մի օր էլ` «սիմպատիչնի» տղա: Ես սիրում եմ ինքս ինձ փորձությունների ենթարկել»,- նշեց դերասանը:

Բացի այս Ռաֆայելը պատրաստվում է նկարահանվել նաեւ մի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը պետք է ներկայացվի Կաննի կինոփառատոնում. «12 րոպեանոց այդ ֆիլմի գլխավոր հերոսին ես եմ մարմնավորելու: Դա համր ֆիլմ է, իմ դերը խաղարկային է: Սպասում եմ նկարահանումների մեկնարկին»,-մանրամասնեց դերասանը` հավելելով, որ մեկ ուրիշ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր էլ ունի, բայց արդեն ամռանը:
Առաջիկայում Ռաֆայելի գործունեությունը բուռն է լինելու նաեւ թատրոնում: Նրա մասնակցությամբ «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը կներկայացվի եվրոպացի հանդիսատեսի դատին: Հյուրախաղեր սպասվում են նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնի հետ համագործակցության արդյունքում. «Խոստովանություն» ներկայացումով սպասվում է շրջագայություն ԱՄՆ-ում:
Մեր այն հարցին, թե արդյոք իր դերասանական գործունեության ընթացքում Ռաֆայելին հաջողվու՞մ է կատակերգականից զատ հանդես գալ նաեւ այլ ժանրերում, վերջինս պատասխանեց. «Երբ ինձ առաջարկվեց հանդես գալ, օրինակ, «Ամնեզիա» ներկայացման մեջ, ես վախեցա, քանի որ նախկինում ինքս ինձ մշտապես փորձել էի միայն կատակերգական կերպարներում: Բայց հետո ինքս իմ առջեւ հարց դրեցի` արդյո՞ք մասնագիտությունս սխալ չեմ ընտրել, պետք է փորձեի ինձ այլ ժանրում եւ ես որոշեցի այդ փորձությունն էլ հաղթահարել»:
Մենք դերասանի հետ զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքից, որի դեպքում, սակայն, ինչպես Ռաֆայելն է նշում, կարգավիճակի փոփոխություն չի սպասում. «Դրա համար պետք է համապատասխան պահը հասունանա: Դեռ ժամանակը չի, երբ ընտրյալս, իմ միակը հայտնվի, այդ օրվանից արդեն կպլանավորեմ անելիքներս»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Այս մասին հայտարարվել է հունվարի 25¬ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` նվագախմբի 10¬ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ: «Շատ շնորհակալ եմ ինձ այս բարձր կոչմանն արժանացնելու համար: Այն, ինչ նվագախումբն այսօր ունի, համատեղ ուժերով ենք ձեռք բերել: Ունենք շատ լավ պատմություն, լավ ձեռքբերումներ: Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր մտքերին, գաղափարներին եւ մեզ առաջ տանող գաղափարին է հավատում. դա ամենակարեւորն է»,¬ նշել է Ս. Սմբատյանը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Բրիտանացի դերասան Իեն Մքքելենը, ով հանդես է եկել Գենդալֆի դերում «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» եռապատումներում, քննադատել է ամերիկյան կինոակադեմիայի անդամներին, որ նրանք ոչ մի անգամ «Օսկար» չեն շնորհել բացահայտ նույնասեռականի, գրում է lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ ժյուրիի անդամների շրջանում առկա հոմոֆոբ նախապաշարմունքներն այնչափ ուժեղ են, որչափ ռասիստական նախապաշարմունքները։ Դերասանը հիշեցրել է, որ, օրինակ, Թոմ Հենքսը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը եւ Շոն Փենն «Օսկար» մրցանակի են արժանացել կինոյում նույնասեռականի դերում հանդես գալու համար։ Նա հավելել է, որ քվեարկության համակարգը պետք է վերանայվի։ Նշենք, որ ինքը՝ Մքքելենը, նույնասեռական է եւ երկու անգամ ներկայացվել է «Օսկարի»։




Լրահոս