Անցած քսան տարիներին մեր երկրի իշխանությունների իրականացրած խայտառակ կառավարման, պետական ունեցվածքի անխնա թալանի ու ազգային դավաճանության հասնող հանցավոր անտարբերության արդյունքում այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամենաչնչին խնդիրն անգամ վերածվում է գրեթե աղետի: Լինի դա «շատ անսպասելիորեն» ձմռանը տեղացած առատ ձյուն, գարնանը եկած կարկուտ, թե անգամ մի սովորական անձրեւ: Տարիներ շարունակ հայրենի կառավարությունը թմբկահարում էր, որ տարբեր միջազգային կազմակերպությունների ու պետական միջոցների հաշվին հանրապետությունում կառուցել է 250 հակակարկտային կայան, որոնցից ամենաշատը` թվով 50, Արմավիրի մարզում: Թե ինչպես աշխատեցին այդ կայանները` լավագույնս երեւաց մայիսի 12-ին, երբ տեղացած կարկուտն իսպառ վերացրեց 43 գյուղերի ցանքատարածություններն ու այգիների բերքը: Եվ հիմա հետահայաց հնչող այն արդարացումները, թե այդ կայանները չեն կարող արդյունավետ պայքարել կարկուտի դեմ` առաջ է քաշում հարցադրում. եթե չէին կարող, այդ դեպքում ինչու էիք հարյուր հազարավոր դոլարներ վատնում դրանց կառուցման վրա, եւ ով է պատասխան տալու անարդյունավետ ծախսված պետական միջոցների համար: Բայց եթե հակակարկտային կայանների դեպքում դեռ կարելի է ինչ-ինչ պատճառաբանություններ մոգոնել, ապա մայրաքաղաքի հեղեղատար համակարգը ոչնչացնելը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Քիչ էր թե խորհրդային տարիներից տեղադրված որակյալ սալիկներն ու եզրաքարերը փոխարինվեցին Լինսի հիմնադրամի փողերով գնված անորակ սալիկներով, որոնք ընդամենը երկու տարի անց քանդվեցին, նույն փողերով վերանորոգվեցին նաեւ մայրաքաղաքի ճանապարհները` այդ ընթացքում ամբողջովին շարքից հանելով ջրահեռացման համակարգը: Եվ այսօր երեւանցիներից շատերը զարմանում են, թե ինչու են վերջին տարիներին մայրաքաղաքում տեղացող անձրեւներն այդքան հորդառատ դարձել. յուրաքանչյուր անձրեւից հետո մայրաքաղաքի գետնանցումներում եւ բազմաթիվ փողոցներում իսկական հեղեղ է: Իսկ պատճառն այն է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Երվան Զախարյանի օրոք իրականացված բուռն շինարարությունն արվել է բազմաթիվ աղաղակող խախտումներով, որոնք շատ կարճ ժամանակ անց արդեն իսկ ակնհայտ դարձան: Սակայն ոչ Զախարյանը, ոչ էլ նրան նախորդած եւ հաջորդած քաղաքապետերից որեւէ մեկն իր կատարած խայտառակ բացթողումների համար պատասխանատվություն չկրեց: Այսօր էլ ուղղակի անտանելի է տեսնել, թե ինչպես են անվերջ քանդում ու նորից վերանորոգում մայրաքաղաքի սալիկներն ու «բորդյուրները»: Լավ, ինչքա՞ն կարելի է, երբ է ի վերջո, Սերժ Սարգսյանը «բռնելու մեծերի գլխից», նրանց, ում պատճառով այսօր անգամ Երեւանի կենտրոնում հնարավոր չէ անձրեւի ժամանակ անցնել փողոցները` առանց մինչեւ կոճերը թրջվելու:
Հ.Գ. Երեկ մայրաքաղաքի ջրահեռացման հարցը քննարկվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ եւ ստեղծվել է ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացմամբ զբաղվող աշխատանքային խումբ:
Ինչքան կարելի է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ