ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆԵԼ Է ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բոլորի համար անհասկանալի է, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երկիրն ուր է «տանում»: Կարծես թե նա ձգտում է դեպի եվրաինտեգրացիա` այդ ուղղությամբ ակտիվ քայլեր կատարելով, բայց մյուս կողմից էլ չի կարողանում դիմակայել Ռուսաստանի  «կացնային» հակաքայլերին,  որոնք դրսեւորվում են  նաեւ տնտեսական ճնշման տեսքով: Իսկ այն փաստը, որ Ս. Սարգսյանը չմասնակցեց Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:  Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. այս երկընտրանքի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի բացակայությունը Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից:
-Մարդը խճճվել է ամեն ինչում՝ ներքին, արտաքին ամեն ինչում: Այլեւս չգիտի, թե ում ինչ է ասել, չգիտի` գնա այնտեղ` հիմա այդ ասածներին ինչպես պետք է պատասխան տա: Այսօր արդեն Ուկրաինայի նախագահն է մասնակցում, Ղրղըզստանի նախագահը, իսկ մենք ընդամենը դիտորդ անդամ ենք: Այսինքն` գնալով Եվրասիական միության կոնցեպցիան ավելի է միս ու արյուն ստանում, զարգանում: Հիմա պատկերացնո՞ւմ եք` գնա այնտեղ, մի երկու բան պետք է ասի, քանի որ այլեւս չի կարող նստել, պետք է կոնկրետ ասի` լավ է, թե վատ է: Պետք է ինչ-որ պատասխաններ տա, ինչ-որ առաջարկների հետ կապված խոսի: Ինչքանով ես եմ տեղյակ, մի քանի օրից նա պետք է գնա ԵԺԿ-ի ժողովին, հետո պետք է մեկնի Վարշավա, այնուհետեւ Եվրոպայի հետ ինչ-որ բան է ցանկանում ստորագրել: Այսինքն` ամեն ինչ խառնվել է իրար, ու այժմ չգիտի, թե ինչ պետք է խոսի: Ավելի լավ է, որ ոչ մի տեղ չգնա: Այս անգամ պետք է հստակություն լիներ, այդ իսկ պատճառով էլ արքայազն Չարլզի՝ Հայաստանում լինելն այնպես կազմակերպվեց, որ իբրեւ թե, բացի Հանրապետության տոնից, նաեւ մարդիկ են եկել Հայաստան եւ այլն:
-Այսինքն` ըստ Ձեզ՝ ամեն ինչ արվել էր, որպեսզի Ս. Սարգսյանը խուսափի՞ այդ հանդիպումից: Փաստորեն, այդպես էլ չի՞ ստացվում եվրոպական եւ եվրասիական ուղղությունների համատեղումը:
-Ես չգիտեմ, թե ինչու է նա ուզում Եվրոպա գնալ, պետությանը դա ի՞նչ է տալու, ես դեռեւս որեւէ բան չեմ տեսնում: Տնտեսական-քաղաքական առումով Եվրոպայի հետ կապված վիճակը հիմա դեռ այնքան հեղհեղուկ է: Մինչդեռ Մաքսային միության, միասնական  տնտեսական տարածքի հետ կապված` ես շատ մեծ օգուտներ եմ տեսնում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ  ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ առաջնորդը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին…
-Ես որեւէ ինֆորմացիա չունեմ:
-Այսինքն` տեղյա՞կ չէիք, որ Ձեր կուսակցության ղեկավարը չի մասնակցել գագաթնաժողովին: Ս. Սարգսյանը հստակ քայլերով Եվրոպա է գնում…
-Դրանք տարբեր մարդկանց, տարբեր լրատվամիջոցների գնահատականներ են, մեր քաղաքական հայեցակարգն է, բնականաբար, ինտեգրվել Եվրոպային: Իսկ, ընդհանուր առմամբ, այն շրջանակներում, որտեղ Հայաստանի նկատմամբ շահեկան մոտեցումներ կան ձեւավորված, մենք բարեկամական լուրջ կապերի մեջ ենք:
-Տեսակետ կա, որ այս գագաթնաժողովի ընթացքում Ս. Սարգսյանից կոնկրետ պատասխան էր պահանջվելու` Հայաստանը ցանկանում է Եվրասիական միության անդամ դառնալ, թե ոչ: Եվ քանի որ Ս. Սարգսյանը խուսափեց այդ հանդիպումից…
-ԵվրԱզԷՍը դեռեւս վիճակի մեջ է, դեռեւս դրա լիարժեք գաղափարախոսությունը չկա, այնպես որ, եթե կոնկրետ որեւէ շահեկան բան կլինի Հայաստանի համար, շատ բնական կհամարեմ, որ որոշակիորեն համաձայնություններ լինեն: Բայց այսօրվա իրավիճակում դեռեւս այդպես քննարկելի հարց էլ չէ, որ ես Ձեզ պատասխանեմ: Չեմ կարծում` գնալ-չգնալը խուսափել-չխուսափելու հետ կապված լինի: Ընդամենը մեր աշխատանքային օրակարգի հետ էր կապված:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս