ՀԱԿ-Ն ՈՒ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲՈՂՈՔԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես»-ի երիտասարդական միությունը մայիսի 31-ին՝ ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացնելու: Հյուրանոցում այդ ժամանակ տեղի է ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Նախախորհրդարանը Երեւանի Ազատության հրապարակում քաղաքացիներին հրավիրել է քննարկելու Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման եւ նոր որակի պետության ձեւավորման ճանապարհային քարտեզը:
ՀԱԿ երիտասարդների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը վերոնշյալ երեւույթների նկատմամբ միջազգային հանրության, տվյալ պարագայում՝ ԵԽԽՎ-ի, ոչ համաչափ արձագանքն է: Նշվում է նաեւ, որ ցույցը տեղի կունենա հետեւյալ պահանջներով` ՀՀ-ում գործող իշխանություններից պահանջել ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008թ. մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, անհապաղ արձագանքել վերջին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին: Այնուհետեւ դատապարտել իշխող Հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետեւողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը: Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Տվյալ արատավոր երեւույթների հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում: Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սկզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման եւ իրական ժողովրդավարության կայացման գործին: Կոչ ենք անում նաեւ ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին եւ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին եւ ներկա գտնվել բողոքի ցույցին»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանից պարզել, թե ինչու են ՀԱԿ ակտիվիստների հետ նույն օրը հավաք հրավիրել, արդյոք չեն խանգարելու միմյանց: «Մենք հայտարարել ենք, որ երեւի ամեն ուրբաթ՝ ժամը 19:00-ին, կազմակերպելու ենք ժողովներ, դրանք հանրահավաքներ չեն: Ցանկացած պայքարող օղակ պայքարում է նույն թիրախի դեմ, մենք այստեղ որեւէ խնդիր չենք տեսնում, եթե նրանք միանան կամ մենք միանանք այդ պայքարին, կարծում եմ՝ շատ բնական է»,-ասաց Տ. Խզմալյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս