ՊԵՏԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, թե գազի սակագինը Հայաստանում կբարձրանա հուլիսի առաջին տասնօրյակում: Սա նշանակում է, որ մինչ այդ իրենց հանձնաժողովը պետք է համապատասխան որոշում կայացնի` բնականաբար, բավարարելով «Հայռուսգազարդ»-ի հայտը: Ուշագրավն այստեղ այն է, որ «Հայռուսգազարդ»-ը հայտը ներկայացրել էր մայիսի 13-ին: Իսկ ՀՀ օրենսդրության համաձյան՝ հանձնաժողովը պետք է իր ստացած դիմումը քննի 90 օրվա ընթացքում, ու ամենեւին կարիք չկա շտապելու: Սակայն Նազարյանի հանձնաժողովը հայտը քննելու եւ բավարարելու է շատ ավելի վաղ, որովհետեւ ՀՀ սահմանին գազը թանկացել է դեռ ապրիլի 1-ից: Պարզապես Սերժ Սարգսյանի իշխանությունը «Հայռուսգազարդ»-ին մեկ ամսից ավելի սպասեցրել է, ու հիմա ժամանակն է վերականգնել այդ ընկերության գերշահույթները: Իսկ հասարակության շահը, ինչպես միշտ, չի հետաքրքրում նրանց:
ՀԻՄԱ ԷԼ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Երեկ ուժեղ կարկուտ է տեղացել Սյունիքի մարզում: Շուրջ 40 րոպե տեւողությամբ կարկուտը վնասներ է հասցրել մի քանի գյուղերի ցանքատարածություններին: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դեռեւս պարզ չէ՝ կարկտահարությունից որքան են տուժել գյուղերը. «Ագարակ քաղաքում բերքը վնասվել է 50-60 տոկոսով, գյուղերում էլ է վնասներ հասցրել, բայց ահռելի վնասներ չի, միայն թե Աստված տա, որ այս տարի վերջինը լինի ու այլեւս չկրկնվի»: Փաստորեն, ՀՀ գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների ՕԵԿ-ական նախարարները իրենց տեղում չեն եւ ամեն անգամ քնից արթնանում են կարկտահարությունից հետո: Իսկ մարզային իշխանությունների հույսն էլ Աստված է:
Կբողոքարկեն
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից իրենք ստացել են պաշտոնական որոշումն առ այն, որ երկու ամսով երկարաձգվել է Արայիկ Պետրոսյանի կալանավորումը: Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստվում են սույն որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում. «Մեր անելիքն առաջիկայում սա կլինի, եւ այն, ինչ իրենք են ներկայացրել՝ հիմնավորելով իրենց որոշումը, ես այդտեղ հիմնավորում չեմ տեսնում: Որեւէ մեկը չկա, որ նրանց դեմ ցուցմունք տա: Նշված է, թե անտիմոն են հայտնաբերել, որը կրակոցի արգասիք է, բայց հիմնավորում չկա, որ դա կրակոցից է եղել»: