ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոճենին: Նալբանդյանը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում եւ հատուկ կարեւորել ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ` ՄԱՏԱՂ
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցը ձգձգելու բոլոր ռեսուրսներն արդեն սպառվել են, եւ աշնանը Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվե կլինի. «Եվ որպեսզի ժամանակ շահեն, կփոխվի կառավարությունը, վարչապետին մատաղ կանեն»:
ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿԱԴՐԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն աշխատել է դեռեւս Հրանտ Բագրատյանի կառավարությունում եւ համարվում է, այսպես ասած, Բագրատյանի կադր: «Առավոտ»-ի այս դիտարկմանն ի պատասխան` Ավանեսյանն ասել է. «Ես ոչ մեկի կադրը չեմ, ես ինձ համարում եմ Հայաստանի Հանրապետության կադր»: Հարցին էլ՝ Հրանտ Բագրատյան վարչապետի ժամանակ է դժվար եղել աշխատել, թե այսօր, նախարարն ասել է. «Միշտ էլ դժվար է աշխատելը»:
ԱՅԴ Ո՞ՒՐ ԱՌԱՆՑ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով այսօր կմեկնի Բելառուս` Մինսկում մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։
ԴԵՍՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ
Մայիսի 23-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը հանդիպել է մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի hետ: Կարդինալը, անդրադառնալով հայերի եւ Սուրբ Աթոռի դարավոր պատմամշակութային կապերին, բարձր է գնահատել Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նույն օրը կայացել է նաեւ Մ. Մինասյանի եւ Արեւելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի հանդիպումը:
ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Ազգ» օրաթերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադարձել են «Հեղինակային եւ հարակից իրավունքի մասին» օրենքում օրենսդրական փոփոխություններ կատարելու նախագծի անհրաժեշտությանը: «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է թերթերին եւ կայքերին առնչվող «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Օրենսդրական փոփոխությունների հեղինակն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, համահեղինակներն են՝ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, «Ժառանգություն»-ից՝ Թեւան Պողոսյանը, «Դաշնակցություն»-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը: ԲՀԿ-ից այս պահին դեռ միացողներ չկան:
ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի թանկացման վերաբերյալ երեկվա աշխատանքային քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ քննարկմանը մասնակցողների համար բավարար տեղեր չեն եղել դահլիճում: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, թե չի ցանկանում մեծ դահլիճում քննարկում կազմակերպել, որպեսզի, իր իսկ խոսքով, «աշխատանքային քննարկումը շոուի չվերածվի»: Այս արտահայտությունը հունից հանել է հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին, որն ասել է. «Եթե դուք չեք կարող ավելի մեծ դահլիճ ապահովել եւ հնարավորություն չունեք կազմակերպել հանրային քննարկումը, ապա մենք կկազմակերպենք այդ քննարկումը եւ ձեզ կհրավիրենք»: