ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 24 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կանոնավոր բանակը հիմնադրվեց 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում: Հայկական զինված ուժերը կարողացան ազատագրել Արցախը եւ հակառակորդին պարտադրեցին զինադադարի համաձայնագիր մուրալ: Եթե հայկական բանակը հաջողության չհասներ, դժվար է ասել՝ այսօր Հայաստանից ինչ մնացած կլիներ: Ուստի փառք ու պատիվ եւ հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին: Ցավոք, զինադադարին հաջորդած տարիներին եւս հայ զինվորները ստիպված են իրենց կյանքը զոհել՝ Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար:
Սակայն պատերազմին հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունների ապաշնորհ կառավարման եւ անընդհատ ծանրացող սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում ՀՀ քաղաքացիները երբեմն մոռացության են մատնում մեր բանակի նվաճումները: Ոմանք էլ խուսափում են իրենց զավակներին բանակ ուղարկելուց: Հուսանք, որ ինչպես տարիներ առաջ հայ զինվորը պատերազմի դաշտում հաղթեց, մոտ ապագայում էլ քաղաքացին կհաղթի հավասար հնարավորությունների երկիր կառուցելու գործում, որպեսզի հայկական բանակում ծառայելը ցանկացած հայ տղամարդու համար դառնա պատվի խնդիր: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր:
Հ. Գ. 5-րդ էջում ներկայացված են պետական բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ծառայել հայոց բանակում:

 

 
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին, այս շաբաթ տեղի կունենա ուրբաթ օրը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի այս ԳՄ նիստը որոշիչ է լինելու իշխանական կոալիցիայի կազմավորման տեսանկյունից: Ենթադրվում է, որ հենց այդ նիստի ընթացքում վերջնականապես պետք է որոշվի, թե հնարավոր կոալիցիան ինչ ձեւաչափով է կազմավորվելու եւ կոալիցիայի պոտենցիալ կողմերին ինչ պաշտոններ կարող են առաջարկվել: Իհարկե, տեսականորեն բացառված չէ նաեւ այն տարբերակը, որ այս ԳՄ նիստում հանրապետականները կորոշեն, որ կոալիցիայի անհրաժեշտություն չկա: ՀՀԿ վերնախավում ոչ ոք պատկերացում չունի, թե իրադարձությունները ինչ սցենարով են զարգանալու, քանի որ բոլոր որոշումները Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացնում, իսկ հանրապետականներն այդ մասին իմանում են միայն վերջին պահին:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրություններում քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային: Այս նպատակով նույնիսկ բանակցություններ են վարել եվրոպական կառույցների հետ, որոնք խոստացել են անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացնել: Այս համակարգը ներդնելով՝ իշխանությունները ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ մարդիկ վախից կամավոր քվեարկեն իրենց օգտին: Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ քաղաքացիների այն ստվար հատվածը, որն աշխատում է որեւէ հաստատությունում, հոգեբանորեն վախենում է իշխանություններին հակադրվել՝ մտածելով, թե ընտրական գործընթացն ամբողջությամբ ինչ-որ կերպ վերահսկվում է: Եվ այս իրավիճակում էլեկտրոնային քվեարկության անցնելու տարբերակը գտնված ելք է: Մարդիկ այլեւս կասկած չեն ունենա, որ իրենց քվեարկությունը վերահսկվում է: Արդյունքում պետական ծառայողները կամ ինչ-որ կերպ իշխանություններից կախում ունեցող ընտրողները ինքնակամ իշխանությունների օգտին կքվեարկեն եւ ՀՀ-ում կլինեն ազատ ու թափանցիկ ընտրություններ:

 

 

 
2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները. մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել: Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել: Այս երեւույթը գուցե այդքան կարեւորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ: Ինչպե՞ս, բացատրենք: Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները:

 

 

 
ԱՆՀՈՒՍԱԴՐՈՂ

Նախօրեին հրապարակված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Հայաստանին տրված գնահատականները հերթական անգամ արձանագրում են այն լճացած, Սերժ Սարգսյանի ասած` գաղջ մթնոլորտը, որն արդեն տարիներ ի վեր առկա է եւ, փաստորեն, փոփոխվելու որեւէ հույս չի ներշնչում:
Այսպես՝ Human Rights Watch կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանում առկա են մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ մտահոգություններ. սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած համատարած ընտրակեղծիքների, «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ընթացքում տասնյակ լրագրողների եւ մոտ երկու հարյուր ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների, ազատ հավաքների անցկացման սահմանափակումների եւ քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի եւ Հայկ Կյորեղյանի դեպքերի հիշատակումից զատ՝ զեկույցում տեղ են գտել նաեւ այնպիսի դրվագներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծն ու «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարների ձերբակալումն էր ապրիլի 24-ի նախաշեմին:
Կարող էր, արդյոք, այս զեկույցը զերծ լինել վերը բերված բոլոր արձանագրումներից, անկասկած այո, քանի որ անխտիր բոլոր դեպքերում էլ հարցը ոչ թե երկարատեւ բարեփոխումներ պահանջող ջանքերի, այլեւ ՀՀ օրենսդրությունը հարգելու եւ իրավապահ մարմինների կողմից բացառապես սեփական լիազորությունների շրջանակներում գործելու եւ ոչ թե քաղաքական պատվերներ կատարելու մասին է:
Վերջինի հետ կապված ոչ ուրախալի պատկեր է արձանագրել նաեւ Freedom House կազմակերպությունը: Այն դիտարկել է 195 երկրներում քաղաքացիական ազատությունները եւ այս տարի եւս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դասել մասամբ ազատ երկրների թվին: 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը՝ ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատել է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Նշենք, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում պատկերը զգալիորեն ավելի վատ է, սակայն դժվար թե դա կարելի է սփոփիչ հանգամանք դիտել:
Եվ, վերջապես, իր տարեկան զեկույցում Transparency Internationa հակակոռուպցիոն կազմակերպությունը եւս որեւէ ոգեւորիչ միտում չի արձանագրել. կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 2014-ի համեմատ արձանագրել է նահանջ մեկ կետով՝ 94-ից հայտնվելով 95 տեղում: Եվ դարձյալ ավելի լավ դիրքում գտնվելով, քան Ադրբեջանը /119/՝ Հայաստանը շատ ավելի կոռումպացված է, քան հարեւան Վրաստանը, որը գտնվում է 48-րդ տեղում:
Ահա, այսպիսին է երեք կարեւոր կազմակերպությունների գնահատականը Ս. Սարգսյանի եւ նրա վարչակազմի կողմից անցած տարվա ընթացքում գործադրված ջանքերին «ավելի լավ Հայաստան» ունենալու գործում: Եւ պատկերը, ցավոք, «սիրուն չի»:




Լրահոս