ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԶԻՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման հարցը թեեւ դեռ չի հստակեցվում, սակայն օրակարգից չի էլ հանվում: Մեր տեղեկություններով` խնդիրը պաշտոնների բաշխման շուրջ համաձայնության ձեռք բերումն է, որը ձգձգվում է ՀՅԴ առաջադրած պայմանների պատճառով: Արդեն տեղեկացրել ենք, որ Դաշնակցությունը կոալիցիոն համագործակցության դիմաց պահանջում է երկու նախարարական եւ երկու մարզպետական տեղեր: Վերջինի դեպքում խոսքը, մասնավորապես, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնների մասին է:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ մի քանի մարզպետների հետ:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է նոր կոալիցիայի ձեւավորման հարցը: Նշվում է, որ ՀՅԴ-ն հավակնում է երկու նախարարական պորտֆելի եւ երկու մարզպետական տեղերի: Ըստ Ձեզ՝ որ մարզպետներն են իրենց պաշտոնները «զիջելու» ՀՅԴ-ներկայացուցիչներին:
-Չգիտեմ, չեմ կարող ասել:
-Իսկ մտավախություն չունեք, որ այդ մարզպետներից մեկը Դուք կարող եք լինել:
-Որեւիցե խնդիր չկա, եթե կգան, այդ ծանրությունը վերցնեն իրենց վրա… մեր մարզը կլինի թե ոչ, դա կառավարությունը կորոշի, ոչ մի խնդիր չկա մտավախելու:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, վստահաբար տեղյակ եք նոր կոալիցիայի ձեւավորման շուրջ ընթացող զարգացումներին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ն, որպես նախապայման, ցանկանում է երկու նախարարական եւ երկու մարզպետական տեղեր: Մտավախություն չունեք, որ նոր կոալիցիայի կազմավորման դեպքում Դուք ստիպված կլինեք հրաժարվել Ձեր պաշտոնից:
-Ես դա չեմ կարող ասել: Ընդհանրապես որեւէ քաղաքական պաշտոնի հետ կապված, ինձ թվում է, որ որեւէ մեկը մտավախություն չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքական պաշտոնը մի օր նշանակում են, մի օր էլ պետք է ազատեն այդ աշխատանքից: Նշեմ, որ կոալիցիայի հետ կապված ես կողմ եմ ցանկացած կոալիցիոն կառավարության:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ իշխանական նոր կոալիցիայի ձեւավորման դեպքում զգալի կադրային փոփոխություններ կլինեն, այդ թվում եւ մարզպետների կազմում: Ըստ Ձեզ՝ ո՞ր մարզպետներն են առաջիկայում հրաժեշտ տալու իրենց աթոռներին:
-Ես նման բաներ չգիտեմ: Ո՞վ է ասում, ո՞վ է խոսում: Ես կարող եմ միայն երկրի նախագահի ասածները հիմք ընդունել: Մարդկանց կարծիքները, տեսակետներն ինձ համար էական չեն: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ես ունեմ երկրի նախագահ, երկրի նախագահն է որոշողը: Նման բաներ չկան: Կլինի կոալիցիա, կորոշի երկրի նախագահը, կիմանաք:
-Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկաում Դուք եւս հրաժեշտ տաք Ձեր պաշտոնին:
-Հավանական, ռուսական տեսակետներ, կարծիքներ, շրջանառվող լուրեր ես չեմ մեկնաբանում:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
-Պարո՛ն Ցոլակյան, քաղաքական դաշտում խոսվում է ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ իշխանական կոալիցիայի ձեւավորման մասին: Ըստ տեղեկությունների՝ ՀՅԴ-ն համագործակցության համար մի շարք պայմաններ է ներկայացրել իշխանությանը, մասնավորապես ցանկանում է երկու մարզպետի պաշտոններում իր ներկայացուցիչներին տեսնել: Ձեր տեղեկություններով` որ մարզպետներն առաջիկայում հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
-Թող տան, հաջողություն: Ես չեմ կարող ասել, ոչ մի բանից տեղյակ չեմ:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այդ մարզպետներից մեկը Դուք կլինեք:
-Չէ՛, չէ՛, ընդհանրապես մտահոգություններ չունեմ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ինչպես հայտնի է՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ նոր կոալիցիա ձեւավորվի: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ-ն իշխանության հետ համագործակցելու համար մի շարք պայմաններ է ներկայացրել՝ այդ թվում եւ պահանջելով երկու մարզպետական աթոռ: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ո՞ր մարզպետներն են պաշտոնանկ արվելու, միգուցե Դո՞ւք:
-Ես տեղեկացել եմ մամուլից: Այդ խնդիրը դեռ վերջնական լուծված չէ, եւ ինչ կորոշի ՀՀ նախագահը, ես երկու ձեռքով կողմ կլինեմ: Համենայն դեպս, նման բան չի քննարկվել ՀՀԿ գործադիր մարմնում: Իսկ եթե քննարկվի էլ, եւ ՀՀ նախագահը կորոշի Գեղարքունիքի մարզը, ես ոչ մի խնդիր չունեմ, ես էլ սիրով կդիմավորեմ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, որը կգա աշխատելու:

 

 

 

 
ՏԱՐԵԼ ԵՆ ԾԱԾԿԸ, ՍԵՂԱՆԸ, ՎԵՐՄԱԿՆԵՐԸ…

Երեկ՝ լուսադեմին, ոստիկանությունը քանդել եւ հեռացրել է Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համար նախատեսված ցրտից պաշտպանվելու ծածկը եւ այլ իրեր` բերման ենթարկելով նստացույց-հերթապահություն իրականացնողներին: Վերջիններս քիչ ուշ ազատ են արձակվել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ազատության հրապարակում տեղադրված վրանում մի խումբ անձինք ոգելից խմիչք են օգտագործել եւ բարձրաձայն հայհոյել, ինչն էլ պատճառ է հանդիսացել ոստիկանության կտրուկ գործողությունների համար:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը երեկ այս առնչությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ Ղուկասյանի՝ նստացույցի մասնակիցները եղել են սթափ, պարզապես նստացույցը խոչընդոտելու նպատակով ոստիկանությունն առգրավել է նստացույցի համար անհրաժեշտ գույքը. «Եվ որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, տարածում են՝ իբր հասարակական կարգի խախտում է եղել, քաղաքացիները դրսեւորել են ոչ վայել պահվածք: Ոստիկանների գործողության ընթացքում մոտ քսան իր է առգրավվել՝ ծածկը, սեղանը, տաքացուցիչ սարքերը, պարկերը, վերմակները…: Սա վկայում է, որ քրեական ռեժիմը մեծ վտանգ է տեսնում մեր շուրջօրյա ակցիայի մեջ ու մեր հետագա գործողություններում: Եվ ռեժիմը որոշել է օգտագործել ոստիկանական ուժը՝ մեզ խոչընդոտելու համար»,-ասաց Ղուկասյանը:
Իսկ ճակատի անդամ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ ընթերցելով ոստիկանության հաղորդագրությունը` այնպիսի տպավորություն է ձեւավորվում, թե Նորք-Մարաշ երկրորդ օպերացիան են իրականացրել եւ նոր բանդա են բացահայտել: «Սա մեր ոստիկանության ոճն է: Ոստիկանությունը անկախ Հայաստանի պատմության մեջ դարձել է գործող վարչախմբի հիմնական գործիքներից մեկը, եթե ոչ գլխավոր, որը Հայաստանի ներքին անվտանգությունը հասցրել է զրոյական վիճակի: Եւ ոստիկանությունն ամեն անգամ քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում սկսում է օգտագործվել վարչախմբի կողմից»,-հայտարարեց նա:
Մակեյանն անդրադարձավ նաեւ նախօրեին ԵԽԽՎ-ում քննարկվող երկու հակահայկական զեկույցներին՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում, ինչպես ներքինում, խղճուկ վիճակ է.«ԵԽԽՎ ընդունած բանաձեւը, որն ապտակ էր հայ ժողովրդին, նույնիսկ այս պարագայում մեր իշխանությունները դիվանագիտական հաղթանակ են հայտարարում»,-նկատեց Մակեյանը:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում շարունակելու է ասուլիս-քննարկումներ անցկացնել, իսկ մարտի 1-ին նույն վայրում համազգային հավաք է իրականացնելու:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԳԱՂՏՆԻ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ազատության մեջ է: Նրա, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորվածների խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայր Անտոնն արդեն իսկ հաճախում է աշխատանքի: Ինչպես հայտնի է՝ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոյի հիմնադիրը Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանն է: Այս օրերին նա ռադիոընկերությունում է:
Armlur.am-ի տեղեկությունը հաստատեց նաեւ ռադիոյի աշխատակիցներից մեկը, սակայն լուրը պաշտոնապես՝ Թութունջյանի փաստաբանի միջոցով ճշտել չհաջողվեց: Քահանայի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Մեր տեղեկություններով՝ նրա շահերի պաշտպանությամբ զբաղվում է մեկ այլ փաստաբան եւս: Խոսքը Սիրուշ Աղվանյանի մասին է, ով չհերքեց իր՝ Հայր Անտոնի փաստաբանը լինելու հանգամանքը: Սակայն հրաժարվեց հերքել կամ հաստատել Հայր Անտոնի՝ ստորագրությամբ ազատ արձակվելու մասին մեր ինֆորմացիան: Նրա խոսքով՝ ինքն այդ իրավասությունը չունի: Մինչդեռ, մյուս բոլոր ազատ արձակվածների դեպքում փաստաբանների հետ այս խնդիրը չէր առաջացել:
Հարկ ենք համարում նկատել, որ կալանավորվածներից ոմանց ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը, կարծես, աղմուկով եղավ, իսկ ոմանց՝ գաղտնի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կալանավորվածներից Ավետիս Բարեյանը եւս ազատ է արձակվել: Սակայն այս մասին, չգիտես ինչու, բոլոր կողմերը լռում են: Թե ինչով է պայմանավորված ընտրողական վիճակը, դժվար է ասել:

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Աջափնյակ վարչական շրջանում ավազակային հարձակում էր իրականացվել ազգությամբ եզդի ամուսիններ` Շիրին Ալիյանի ու Թառլան Սայդոյանի նկատմամբ: Դեպքից անցել է 3 ամիս, եւ տուժածները բողոքում են, որ իրավապահները գործը փորձում են կոծկել ու չեն ցանկանում իրական հանցագործներին կալանավորել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամուսինները վաղը պատրաստվում են ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպել: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ տուժածները կոնկրետ անձի են մեղադրում կատարվածի մեջ, բայց իրավապահները նրանց պատասխանում են, թե այդ անձին մեղադրելու հիմքեր չունեն:

 

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
ՀՀ գերատեսչությունները սկսել են հերթով վճարել իրենց կոմունալ ծախսերը: Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից շուրջ 7 մլն 700 հազար դրամի կոմունալ ծախսեր է վճարել: Մասնավորապես, 426 հազարը կազմել է նախարարության ջրի վարձը, իսկ 7 մլն 272 հազար դրամն էլ կազմել է սպառված էլէներգիայի վճարը:




Լրահոս