ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հազար խոշոր հարկատուները 2015-ին պետական բյուջե են վճարել ընդհանուր 696 միլիարդ 514 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Այս տվյալը հրապարակել է ՀՀ հարկային ծառայությունը:

Նույն կառույցի տեղեկացմամբ՝ Հայաստանում անցած տարվա ընթացքում հավաքագրվել է ընդհանուր 1 տրիլիոն 65 միլիարդ 644 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ Հայաստանում հավաքագրված ընդհանուր հարկեր եւ տուրքերի ավելի քան 65 տոկոսը գոյանում է խոշոր հարկատուների մուծումներից: Ի դեպ, նույն պաշտոնական վճարների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների ընդհանուր թիվը ավելի քան 96 հազար է: Հայաստանի տնտեսության կենտրոնացվածության ցայտուն ապացույց հնարավոր չէ գտնել:
Սակայն խոշոր հարկատուների մեջ կան այնպիսիք, որոնք առանձնանում են մյուսներից, եւ նրանց կարելի է որակել որպես գեր խոշորների: Մասնավորապես, այդպիսին կարող են համարվել խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասը հորիզոնականում ընդգրկված ընկերություններին: Վերջիններս 2015 թվականին ընդհանուր պետբյուջե են վճարել 191 միլիարդ 872 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 10 ընկերության բաժին է հասնում խոշոր հարկատուների վճարած հարկեր եւ տուրքերի 27 ու ընդհանուր Հայաստանում հավաքագրվածի 18 տոկոսը:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ խոշոր հարկատուների ցանկի արդեն երկրորդ տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունները միասին վճարել են ընդամենը 61 միլիարդ 121 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ինչպես տեսնում ենք՝ հարկերի եւ տուրքերի ծավալներն այս դեպքում արդեն կտրուկ նվազում են: Խոշոր հարկատուների ցանկը գործնականում հենց այդ տրամաբանությամբ է, որքան իջնում ենք «ներքեւ», վճարված հարկեր եւ տուրքերի ցուցանիշն այնքան կտուկ սկսում է նվազել:
Վերցնենք խոշոր հարկատուների ցուցակի առաջին հիսուն ընկերություններին, նրանք բոլորը միասին վճարել են 355 միլիարդ 930 մլն դրամի հարկեր եւ տուրքեր, իսկ երկրորդ հիսուն ընկերությունների բյուջետային վճարումները կազմել են ընդամենը 82 միլիարդ 407 մլն դրամ:
Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, թե խոշոր հարկատուների ցուցակի, ասենք, առաջին տասն ընկերությունները ինչ գործունեություն են ծավալում. ստորեւ բերված ցուցակում ներկայացված են այդ ընկերությունները եւ նրանց վճարած հարկեր եւ տուրքերի չափը, ինչպես 2015 թվականին, այնպես էլ նախորդ՝ 2014-ին: Ըստ այդմ, ակնհայտ երեւում է, թե նշված ընկերություններից որի վճարած հարկերն են ավելացել, որինը՝ նվազել:
2015թ. 2014թ.

1. «Գազպրոմ Արմենիա» 42 մլրդ 650 մլն 42 մլրդ 812 մլն
2. «Զանգեզուրի ՊՄԿ» 27 մլրդ 501 մլն 19 մլրդ 940 մլն
3. «Ղ տելեկոմ» 18 մլրդ 629 մլն 28 մլրդ 891 մլն
4. «Ալեքս գրիգ» 18 մլրդ 255 մլն 21 մլրդ 571 մլն
5. «Որոտանի ՀԷԿ» 16 մլրդ 956 մլն 2 մլրդ 880 մլն
6. «ՀԷՑ» 16 մլրդ 494 մլն 12 մլրդ 430 մլն
7. «ԱրմենՏել» 15 մլրդ 467 մլն 16 մլրդ 490մլն
8. «Գրանդ տոբակո» 13 մլրդ 700 մլն 10 մլրդ 465 մլն
9. «Ֆլեշ» 12 մլրդ 751 մլն 11 մլրդ 980 մլն
«Սիփիէս օիլ քորփորեյշն» 9 մլրդ 465 մլն 9 մլրդ 618 մլն Այսինքն՝ թիվ մեկ հարկատուն Հայաստան գազ ներկրող ընկերությունն է, երկրորդը` զբաղվում է պղնձի խտանյութի արտահանմամբ, երրորդը` կապի ծառայություն է մատուցում, չորրորդը` զբաղվում է ներկրմամբ եւ մի շարք ապրանքներ ներկրելու մենաշնորհ ունի: Հինգերորդը ցուցակում հայտնվել է պատահական, քանի որ նրա վճարած հարկերը գոյացել են ընկերության բաժնետոմսերի վաճառքից, իսկ ընթացիկ տարում այդ անունով խոշոր հարկատու այլեւս չի լինի: Վեցերորդը` էլէներգիայի բաշխման ծառայություն է մատուցում, հաջորդը կրկին կապի ծառայություն է մատուցում, վերջին երկուսը զբաղվում են Հայաստան բենզին եւ դիզելային վառելիք ներկրելով: Այսինքն՝ նշված տասից արդյունաբերական ոլորտի ընկերություն կարող է համարվել միայն մեկը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, եւ իր արտադրանքը միայն Հայաստանում չի սպառվում, այսինքն՝ նրա գործունեության արդյունքում Հայաստանը «դրսից» է եկամուտ ստանում: Իհարկե, ինչ-որ առումով «Զանգեզուրի ՊՄԿ»-ի դեպքում եւս կարելի է ասել, որ «դրսից» եկամուտներ է ապահովում, բայց չմոռանանք, որ այս ընկերությունը պետության հարստությունն է արդյունահանում եւ վաճառում:
Վերը բերված պատկերը բնութագրում է Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակը, այն է, որ մեր ամենախոշոր ձեռնարկությունների տասնյակում կա միայն մեկ ընկերություն, որը ապրանք է արտադրում եւ արտահանում: Տասից ուղիղի կեսը զբաղված են ապրանքներ ներկրելով, այսինքն՝ նրանք ոչ թե գումարներ «բերող» են, այլ հակառակը: Հայաստանի տնտեսությունը կփոխվի միայն այն ժամանակ, երբ նշված տասնյակի գոնե կեսը կլինեն ընկերություններ, որոնք ինչ-որ բանի արտադրությամբ կզբաղվեն: Իսկ մինչ այդ Հայաստանն ընդամենը գոյատեւելու է տրանսֆերտների եւ վարկերի հաշվին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ՝ ՊԱՐԶԵՔ
Երեկ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, այնուհետեւ երկու երիտասարդի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Աջափնյակ վարչական շրջանում հայտնի քրեական հեղինակություն Սերգեյն է` Ֆազ մականվամբ: Իրավապահները դեռեւս չեն կարողանում պարզել, թե ինչպես, որտեղ եւ ինչի արդյունքում է միջադեպ տեղի ունեցել: Բանն այն է, որ վիրավորներն իրենք հրաժարվում են ցուցմունք տալ: Իսկ իրավապահները չգիտեն, թե նրանք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որպեսզի կարողանան հնարավոր ականատեսներին պարզել եւ այդ ճանապարհով եղելությունը ճշտել:

 

ԱՌԱՅԺՄ ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ազատ է արձակվել 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի գործով» կալանավորված հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը: Նշենք, որ կալանավորվելուց հետո հեռուստաընկերության տնօրինությունն Արման Հայրապետյանի լիազորությունները դադարեցրել է: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց հանրայինից պարզել` արդյո՞ք հեռուստաընկերության տնօրինությունը Արման Հայրապետյանի ազատ արձակվելուց հետո պատրաստվում է նրան վերականգնել իր նախկին աշխատանքին: Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ իրենք սպասում են այս գործով դատվճռին, իսկ այս պահին միայն փոխվել է Արման Հայրապետյանի խափանման միջոցը: Ասել է՝ Արման Հայրապետյանն իր աշխատանքին չի վերականգնվի, բայց միեւնույն ժամանակ վերջնականապես չի էլ ազատվի աշխատանքից, մինչեւ վերջնականապես չպարզվի նրա անմեղության հարցը:

 

ԿԵՑԱՎԱՅՐ՝ ԱՄԷ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրություններին դեսպանությունը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով: Ըստ այդմ, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը պատրաստվում է Երեւանի Ազատության պողոտա 1/16 եւ 1/34 հասցեներում գտնվող հողամասը օրենքով սահմանված կարգով ձեռք բերել: Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում է այդ նպատակով գնել նշված հասցեների գույքը: Մասնավորապես, Ազատության 1/16 հասցեում գտնվող 1 հազար 840 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականատիրոջ հետ ԱՄԷ դեսպանատունն արդեն իսկ համաձայնության է եկել, եւ գործարքի կնքման համար պակասում է ՀՀ կառավարության համաձայնությունը: Մի քանի տարի է՝ ՀՀ իշխանությունները փորձում են Էմիրաթների շեյխերին համոզել, որպեսզի նրանք Հայաստանում ներդրումներ կատարեն: Բնականաբար առանց դեսպանատան ԱՄԷ ոչ մի հպատակ Հայաստանում տնտեսական գործունեություն չի ծավալի: Իսկ դեսպանատան բացումը հույս է տալիս, որ սառույցը տեղից կշարժվի:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Անդրադառնալով Կամերային երաժշտական թատրոնում բարձրացած խռովությանը` գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը ArmLur.am-ին ասել է, որ ոչ մի խռովութուն էլ չկա, պարզապես խաղի կանոններ են փոխվել, ըստ որոնց՝ երաժշտական թատրոնն իրապես պետք է համապատասխանի իր անվանը՝ առանց ֆանագրամա կոչվածի: Ըստ Մելիքսեթյանի` այս հանգամանքը որոշ դերասանների այնքան էլ դուր չի եկել, ինչն էլ որոշ տարաձայնությունների տեղիք է տվել: Արմեն Մելիքսեթյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նամակում մասնավորապես ասվում է, որ պետք է ՇՏԱՊ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը. «Երաժշտական Կամերային թատրոնը կանգնած է փակուղու առաջ, այն է՝ թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը, տարիներ շարունակ չի փոխվում խաղացանկը, ներկայացումները, որոնք համեմված են անճաշակ եւ ցածրորակ երաժշտությամբ, ցուցադրվում են ինքնահոս կերպով՝ առանց փորձերի, շտկումների»։

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ եւ ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հարցի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

 

ՀԱՂԹԱՆԱ՞Կ
«ԵԽ ԽՎ-ում հակահայկական բանաձեւերից մեկի չընդունումն արդեն իսկ հաղթանակ էր»,- երեկ ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: «Սարսանգի ջրամբարի բանաձեւը չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ մեծ հաջողություն էր, որ մյուս բանաձեւը դուրս բերվեց»,- ասել է նա:

 

ՎՏԱՆԳՆ ԱՆՑԱՎ
Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից:




Լրահոս