ԻՆՉՊԻՍԻ՞ ԲԱՆԱԿ Է ԵՐԱԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայկական բանակը դառնում է 24 տարեկան: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ 2016 թվականը հայտարարվել է հրամանատարական պատրաստվածության տարի. «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ եւ ապահով հայրենիք»: Իսկ 2014 թվականը բանակ ներթափանցող «փողոցային արատավոր բարքերի դեմ» պայքարի տարի էր: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարից փորձեց հետաքրքրվել՝ ինչպիսի՞ բանակ է նա երազում ունենալ եւ արդյո՞ք կկարողանա երբեւէ կյանքի կոչել պատկերացումները:

-Պարո՛ն Օհանյան, ինչպիսի՞ բանակ եք երազում ունենալ:
-Ազգային բանակի կատարելության մեջ ես տեսնում եմ բանակ, որը մի քանի առանձնահատկություններով առանձնանում է այլ բանակից: Առաջինը, միանշանակ, հայրենասիրության չափազանց բարձր աստիճանը, ազգային ավանդույթների տիրապետմամբ եւ առօրյա իր գործունեության մեջ միջազգային փորձի փոխանակման արդյունքում նոր ավանդույթների ձեւավորմամբ, բացառապես մարդկային հարաբերություններով եւ բանակային ընկերականությամբ, եւ նաեւ մարտական ոգու բարձր աստիճանը: Միանշանակ հրամանատարների կողմից եւ բոլորի կողմից համարձակ նախաձեռնողական, առանց վախենալու արժանապատվորեն ծառայությամբ եւ, իհարկե, այն կարճ ժամանակահատվածում համաժողովրդական բանակի վերածվելու կարողություններով, որի կատարելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության բարձր աստիճանն է, եւ ժողովրդի հասարակական բոլոր խավերի հետ միասին պաշտպանության քաղաքականության վերաբերող մասով գործը համատեղ առաջ տանելը: Այ, այդպիսի բանակ եմ ես ուզում:
-Կկարողանա՞ք այն կյանքի կոչել:
-Մենք այդ ճանապարհին ենք, եւ հավատացեք, որ գրեթե վերջին մասերին մոտ ենք: Եթե կարողանանք զուգորդել ժամանակակից միջոցներով, ապա հավատացած եղեք՝ մեր զինվորները հոյակապ տիրապետելու են այդ նոր զենքը, սպառազինությունը եւ կդարձնեն մեր բանակը կատարյալ կառույց:
-Ինչո՞ւ պաշտպանության նախարարությանը չի հաջողվում արգելել, որ այն երիտասարդները, որոնք բանակում չեն ծառայել, պետական պաշտոններ չստանձնեն:
-Կարծում եմ՝ այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է, եւ մեր կողմից էլ է բարձրացվել: Այն պետական այրերը, որոնք որ այսօր պաշտոններ են ստանձնել ու բանակում չեն ծառայել, նրանք հիմնականում ազատվել են Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող օրենքների շրջանակներում: Ես գտնում եմ, որ երեւի թե նրանք, ըստ էության, ծառայության ինչ-որ մի ժամանակահատվածում վերապատրաստումների եւ կարճ հավաքների մասնակիցներ եղել են:
-Մշտապես հայտարարվում է բանակում բարոյահոգեբանական վիճակի, փողոցային բարքերի կարգավորման մասին: Փորձը ցույց է տվել, որ երբ դեպքեր են գրանցվում, ինչի պատճառը հենց բարոյահոգեբանական ու փողոցային բարքերն են, ապա ՊՆ-ն նման դեպքերում մշտապես խնդրի լուծումը տեսնում է այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելու մեջ: Արդյո՞ք պաշտոններից զրկելով՝ իրավիճակը կարգավորվում է:
-Գիտեք՝ բարոյահոգեբանական վիճակը եւ յուրաքանչյուր անհատի մարտական ոգին ձեւավորվում է ուսումնական եւ դաստիարակչական ողջ գործընթացի ընթացքում, զուգահեռ ընթացող մարտական պատրաստության պարապմունքներն են, որ բերում են նրան, որ մարդ ձեռք է բերում գիտելիքներ, ունակություններ, եւ դրանք ամրանում են առօրյա ծառայության ընթացքում, վերածվում վստահության մի այնպիսի աստիճանի, որ յուրաքանչյուր զինվոր հետ թեքվելով՝ տեսնում է, որ այն երիտասարդը դեռահասը չէ, ինքը արդեն կատարյալ զինծառայող է: Իհարկե, պատժի եւ խրախուսման մեթոդները դաստիրակության մեթոդներ են, որոնք ազդում են ընդհանուր կարգապահության վրա, եւ այն պետք է լինի տեղին, ժամանակին եւ արդարացի:
-Ինչպես նկատում ենք՝ բանակին խաբելու փորձերը դեռեւս շարունակվում են, գոմեշի մսի աղմուկից հետո, կարծես թե, դասեր չեն քաղում: 2015 թվականին հայտնի դարձավ, որ գործարար Աշոտ Սարգսյանն է ՊՆ-ին կրկնակի թանկ տեխնիկա վաճառել: Պետք է նկատել, որ բոլոր նմանօրինակ դեպքերում գործով անցնող անձինք միայնակ չեն գործել: Օրինակ՝ Աշոտ Սարգսյանը եւս թիկունք է ունեցել ՊՆ-ում: Ի վերջո, ինչքա՞ն պետք է «մանր ձկները» հայտնվեն ճաղերի հետեում, իսկ «խոշորները» մնան անպատիժ: Ե՞րբ է գալու «խոշոր ձկներին» պատժելու ժամանակը:
-Ուրեմն ասեմ հետեւյալը, երբ պաշտպանության նախարարությունում նման խոշոր բացահայտումներ են եղել, պաշտպանության նախարարությունը ինքն է դա արել, այդ գործով ծառայողական քննությունը ես եմ անցկացրել եւ քրեական գործ հարուցել: Հարցը հիմա քրեական գործընթացների շրջանակներում է, եւ վերջնական լուծումը տալուց թող իրենք պարզեն: Մեր կողմից այն մարդիկ, որոնք պետք է պատժվեին, պատժվել են, եւ մենք համապատասխան միջոցներ ձեռնարկել ենք: Հավատացեք, որ այնտեղ, որտեղ կան ֆինանսական նյութական միջոցներ, մշտապես կարող են լինել ինչ-որ խախտումներ, ոչ միայն մեզ մոտ, չեմ ուզում ուրիշի վրա գցել, բայց մեզ մոտ բացահայտումների ակունքում կանգնած է պաշտպանության նախարարությունը, անձամբ ես եւ համապատասխան վերահսկողական օրգանները, որոնք իրենք են բացահայտում եւ քրեական գործ հարուցում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՆՉԵԼ Է
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ Շուշանիկ Բախշյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում: Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել: Նա վերջին օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Նշենք, որ բժշկուհու հիվանդանոց տեղափոխվելը մի շարք հարցականներ առաջ քաշեց, թե, օրինակ, ինչպես հունվարի 23-ին ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հայտնվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում եւ անձամբ Շուշանիկ Բախշյանին տեղափոխեց հիվանդանոց: Գլխավոր ինֆեկցիոնիստը պարզաբանել էր, որ իրեն անձամբ էին հրավիրել հենց դատարանից: Եվ այսպես, Արա Ասոյանի դատարան գնալու հարցը, ըստ ամենայնի, նաեւ բազմաթիվ հարցականներ է առաջացրել ՀՀ առողջապահության նախարարի մոտ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Արա Ասոյանին հրավիրել է իր մոտ եւ փորձել հասկանալ, թե ում զանգով եւ ինչպես է նա հայտնվել դատարանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ասոյանն ասաց, որ ինքն այդ քայլին գնացել է, որպեսզի հետագայում իրեն չմեղադրեն անփութության ու անուշադրության մեջ. «Մյուս կողմը Շուշանին ինչի համար է մեղադրում, որ անփութություն է, հիմա այդ նույնը ես անե՞ի Շուշանի նկատմամբ: Իմ կողմից բարոյական կլինե՞ր, որ զանգահարեն դատարանից եւ ասեն, որ ձեր օգնության կարիքն ունենք, ու ես չգնայի: Ես հենց նոր եմ գալիս նախարարությունից, նոր ինքը հետաքրքրվեց բժշկուհու վիճակից, ես էլ բացատրել եմ իրավիճակը»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ իր եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն, քանի որ նա Արմեն Մուրադյանին համարում է երիտասարդ, Արա Ասոյանը պատասխանեց. «Մեր հարաբերությունները շատ լավ են, եւ նա իմ ճաշակով նախարար է»:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 23-ին Շուշանիկ Բախշյանին հիվանդանոց տեղափոխելու, բժշկական օգնություն ցույց տալու բոլոր հանգամանքները պարզելու համար քննություն է սկսվել: Իրավապահները փորձում են պարզել, թե արդյո՞ք կատարվածը բեմադրություն չէ` իրավապահների գործողությունները խոչընդոտելու համար:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ չի բացառվում, որ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը կհարցաքննվի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հունվարի 26-ին եւ լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ /3 արկ/ եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետ /1 արկ/:

 
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հունվարի 25-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաեւ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին:

 

ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան: Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ եւ քննարկել դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման եւ հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը: Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, եւ որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի եւ կաթնամթերքի արտահանումը ՌԴ:




Լրահոս