ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան՝ ուշ ժամի, Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցում կրակոցներ են հնչել: Արդյունքում  դեմքի եւ ճակատի մասերում հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Արտյոմ Ալեքսանյանը եւ 15-ամյա Ռոբերտ Հոսեփյանը (քեռի եւ քրոջորդի): Ճակատի մասում հրազենային վնասվածք ստացած պատանին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ չի հավատում, թե իրենց կրակել է Գեւորգ Հակոբյանը:
Մինչ կատարվածին անդրադառնալը ներկայացնենք ոստիկանության պաշտոնական վարկածը: Վիճաբանության ընթացքում 1985թ. ծնված Գեւորգ Հակոբյանը իր «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանից կրակոց է արձակել 1989թ. ծնված Արտյոմ Ալեքսանյանի եւ Ռոբերտ Հոսեփյանի ուղղությամբ, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալ:
Դեպքի վայրի զննությամբ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց հայտնաբերվել են որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ եւ արնանման հետքեր:
Եվ այսպես, դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հիվանդանոցից տեղեկացանք, որ իրենց մոտ գտնվում է միայն Ռոբերտ Հոսեփյանը, իսկ Արտյոմ Ալեքսանյանին տեղափոխել են Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքի վիրահատության:
Զրուցեցինք ճակատի մասում հրազենային վնասվածք ստացած Ռոբերտի հետ: Վերջինիս խոսքով՝ ինքը եւ իր քեռին այդ օրը գնացել էին միանգամայն տարբեր մարդկանց ծննդյան տարեդարձին. «Դե քեռիս գալիս էր իր ընկերոջ ծննդյան տարեդարձից, տեսա, որ գալիս է, իջա իր մոտ: Ու մեկ էլ կրակոցներ լսեցի, մի հատ կրակեցին իրան ու մի հատ էլ ինձ, ու էլ չտեսա, թե ովքեր են այդ կրակողները»:
Թեեւ մեր զրուցակիցը չգիտեր, թե ով է կրակողը, սակայն երբ նշեցինք, որ կրակողն Աբովյան քաղաքի բնակիչ Գեւորգ Հակոբյանն է, Ռոբերտը շատ զարմացավ՝ ասելով, թե շատ լավ ճանաչում է Գեւորգին. «Իրանք դժվար նման բան անեին, ճանաչում եմ, ապրում են Աբովյան քաղաքում, կարող է՝ պատահական է եղել, իրանք դժվար տենց բան անեին, չէ՛, չէին անի»: Ռոբերտի խոսքով՝ ինքը միայն հիշում է, որ իր քեռուն` Արտյոմին, տարել են հիվանդանոց: Իսկ իր ճակատի հատվածի հրազենային վնասվածքը փորձել է ընտանիքի անդամներից թաքցնել, որ չտեսնեն. «Գնացի մի քիչ հեռու, որ տանս անդամները չտեսնեն, թե չէ կվատանային: Բայց հասկացա, որ երկար չեմ կարող ձգել, զգացի՝ մի տեսակ ուշքս գնում է, ու ինձ արագ տեղափոխեցին հիվանդանոց»:
Իհարկե, հասկանալի է, որ երիտասարդը փորձեց ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ որեւէ խնդիր չունի Գեւորգ Հակոբյանի հետ, որ նա լավ մարդ է: Մեր հարցին՝ միգուցե Գեւորգն իր քեռու՝ Արտյոմ Ալեքսանյանի դեմ ինչ-որ բան ունի, դրա համար է կրակել, Ռոբերտը քմծիծաղով նշեց. «Կրկնում եմ՝ Գեւորին լավ ճանաչում ենք, շփվել ենք, չէ՛, քեռին էլ պրոբլեմ չունի, երեւի պատահական է կպել: Քեռին եւ ես թշնամիներ չունենք: Ես էլ այս երեք տարի է՝ կռիվ չեմ արել»:
Բայց սա չէ պատմության ամենահետաքրքիր մասը: Երբ 15-ամյա վիրավոր տղային փոխանցեցինք պաշտոնական վարկածը, համաձայն որի՝ իրենց կրակել են որսորդական հրացանով, առավել տարակուսեց. «Որսորդական հրացանո՞վ, ի՞նչ եք ասում: Որ դրանով  կրակեին, այն էլ ճակատիս, ես հիմա այստեղ չէի լինի, մեռած կլինեի: Դա որսորդական հրացանով չի եղել, դա սովորական կլոր շարիկներով հրացան կլիներ, ու մի քանի հատ էլ կրակեցին:
Տեղեկացնենք, որ Գեւորգ Հակոբյանն աշխատում է «Կլեոպատրա» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի՝ Երեւանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: Իսկ սույն ընկերությունները պատկանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Ի՞նչ կապ ունեն հնչած կրակոցները Ծառուկյանի եւ, ընդհանրապես, քաղաքականության հետ: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: «Ցանկացած հրապարակման մեջ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելու՝ որոշ լրագրողների մոլուցքն արդեն անցնում է խելամտության բոլոր սահմանները, քանի որ այս դեպքում, բացի նրանից, որ տեղեկատվության մի մասն ընդհանրապես իրականության հետ անգամ հեռավոր առնչություն չունի, նաեւ լուրջ մտորելու առիթ է տալիս: Նախ՝ հրապարակման մեջ նշված «Գոլդեն գլաս» ՍՊԸ-ն, որի կոմերցիոն տնօրեն Հովիկ Հակոբյանը ձերբակալվել է, ընդհանրապես որեւէ առնչություն չունի ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ էլ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ: Ձերբակալված մյուս անձնավորությունը՝ Գեւորգ Հակոբյանը, այո՛, աշխատել է «Կլեոպատրա» ՍՊԸ-ում եւ Երեւանի քիմիադեղական գործարանում, որոնցում Գագիկ Ծառուկյանը բաժնեմաս ունի: Սակայն տեղի ունեցած միջադեպը Գեւորգ Հակոբյանի մասնագիտական եւ աշխատանքային գործունեության հետ որեւէ առնչություն չունի, եւ պետք չէ շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը»,-ընդգծեց նա:
Իսկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ հրացանից կրակոցներ արձակող Գեւորգ Հակոբյանը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս