ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ ԿԱՅՔ ՈՒՆԵՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք օրերից մի օր փորձեք ծանոթանալ Հայաստանի նկարիչների միության առաջիկա ծրագրերին, այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսներին, կամ, ի վերջո, միության անդամների ցանկին, ինչպես ասում են` «ինֆորմացիայի այս լուսավոր դարում» ստիպված կլինեք հասնել միություն եւ տեղում պարզել ձեզ հուզող հարցերի պատասխանը: Նկարիչների միությունը, փաստացի, կայք չունի եւ առաջիկա ցուցահանդեսի մասին դուք կարող եք իմանալ, օրինակ, միության պատերին փակցված հայտարարությունների միջոցով: Մենք զանգահարեցինք միություն եւ տեղեկացանք, որ իրենք արդեն երկար տարիներ է` կայք չունեն, թեեւ նախկինում ունեցել են: Իսկ պարզաբանումն առավել հետաքրքիր էր. կայքը չեն կարողացել պահել, քանի որ ֆինանսական աջակցություն չեն ստացել: Փոխարենը մեզ առաջարկեցին օգտվել միության ֆեյսբուքյան էջից:

Այս կցկտուր բացատրություններից հետո մեզ համար հանելուկ է մնում` արդյո՞ք մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ` միության կայքը գործարկելու համար: Միության նախագահ Կարեն Աղամյանի հետ թեմայի շուրջ զրուցել չհաջողվեց. նա քաղաքում չէր: Փոխարենը մեր հարցերին պատասխանեց նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը. «Կայք արդեն ունենք, շուտով պետք է կազմավորվի, ուղղակի նոր պետք է գործի, ես դրանով չեմ զբաղվում, զանգեք նկարիչների միություն»,-ասաց նա:
Նրա խոսքից դժվար էր կռահել` կայքը, ի վերջո, նո՞ր պետք է կազմավորվի, թե՞ իրենք կայք արդեն ունեն…
Ամեն դեպքում, որոշեցինք ընդունել միությունից ստացած առաջարկը եւ ծանոթանալ իրենց ֆեյսբուքյան էջին: Պարզվեց` միության Էջին կարելի է տեսնել զանազան գովազդներ, ամենատարբեր մարդկանց լուսանկարներ եւ սելֆիներ` արված կառույցի ներսում: Դրանք միությունը չի տարածել, այլ այդ մարդիկ են լուսանկարները տեղադրել էջին: Երկար պրպտումներից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել մի նյութ, որով կիսվել էր միությունը: Իսկ Ֆեյսբուքում միության, դրա գործունեության մասին տեղեկություն փնտրելը պարապ գործ է: Մենք այդ մասին կարող ենք կռահել միայն վերոնշյալ լուսանկարների միջոցով:
Նույն միության անդամ, գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միությանը պարզապես ձեռնտու չէ կայք ունենալը: «Իրենց պետք չէ, որ նկարիչները առաջիկա ցուցադրությունների մասին իրազեկվեն, ի՞նչ ֆինանսական աջակցության պակասի մասին է խոսքը, սովորական կայք ունենալու համար, ուրեմն, հսկայական գումարներ են պե՞տք: Ուղղակի այնպես են անում, որ իրենց ծրագրերի մասին միայն իրենք իմանան, մի 10 հոգով ցուցահանդես անեն, ավարտեն, չեն ուզում ուրիշները անուն հանեն: Ես իրենց էլ եմ ասել` քարե դա՞րն է հիմա… Բացում ես Ռուսաստանի, Ուզբեկստանի նկարիչների միության կայքերրը, քեզ անմիջապես հրամցվում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Իսկ մեզ մոտ, օրինակ, կասե՞ք` վանաձորցի նկարիչն ինչպե՞ս պետք է իմանա, ասենք, առաջիկա ցուցահանդեսի մասին… »,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պարոն Հարությունյանը:
Նա նույնիսկ պատմեց, որ որոշ ժամանակ առաջ հայ նկարիչների աշնանային ցուցահանդես պետք է կազմակերպվեր, սկզբում հայտարարել են օրը, մարզից մի նկարիչ եկել-հասել է մայրաքաղաք, որ իր աշխատանքը ներկայացնի, պարզել է, որ ոչ մի ցուցահանդես էլ չի լինելու: Իսկ փոփոխված պայմանների մասին նա կարդացել է պատի հայտարարությունից:
«Վերջերս ՀՀ նախագահը պետական մրցանակներ շնորհեց մշակույթի, արվեստի եւ գիտության ոլորտում լուրջ ներդրումներ կատարած եւ նոր ստեղծագործություններով աչքի ընկած մարդկանց: Ուրեմն ողջ երկրում մի նկարիչ էլ չկա՞ր, որին կարելի էր ՀՀ պետական մրցանակ շնորհել… Որովհետեւ ոչ մեկին չեն ներկայացնում, ոչ ոք այդ մարդկանց մասին չգիտի, եթե վերջիններս իրենց «հրոսակախմբի» անդամ չեն»,-եզրափակեց Խ. Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ը կսպասի միության «նոր կազմավորվող» կայքի գործարկմանը:

 

 

 

 
ԱՆԱԿՆԿԱԼ` ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դերասաններ Հովհաննես Դավթյանը եւ Հայկ Պետրոսյանը անակնկալ են պատրաստում կանանց եւ աղջիկների համար: Նրանք մտադիր են կանանց մեկամսյակի առթիվ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում հանդես գալ նոր stand up շոու-ներկայացումով: «Ժողովուրդ»-ին Հովհաննեսը տեղեկացրեց, որ մինչ այդ էլ մտադիր են իրենց ծրագրերում ներառել վալենտինյան թեման:

«Ակումբային ելույթների ժամանակ մեծ մասամբ ներկայանում եմ Հայկի հետ: Ինձ դուր է գալիս նրա պրոֆեսիոնալիզմը, բացի այդ, մենք լավ ընկերներ ենք, ինձ համար հետաքրքիր է նրա հետ աշխատելը»,-նշեց դերասանը` հավելելով, որ իրենք ներկայացումներով հանդես կգան ակումբներում եւ թատրոններից մեկում:
Բացի այդ` Հովհաննեսը պատրաստվում է գարնանը կայանալիք իր երկրորդ մոնո-ներկայացմանը: Նախորդ` «Անքնություն» անունը կրող ներկայացումից այն կտարբերվի իր թեմաների ակտուալությամբ: «Ժանրին համապատասխան` այն հանդիսատեսի շրջանում ծիծաղ կհարուցի, բայց դրան զուգահեռ նաեւ կունենա ասելիք. այսինքն` փորձելու եմ խորքային հումորներ ներկայացնել»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե նախկինում սերիալներում ակտիվորեն ներգրավված դերասանը արդյոք հետաքրքիր առաջարկներ չունի նաեւ այդ դաշտից, վերջինս պատասխանեց. «Առաջարկներ լինում են, բայց դեռեւս չեն հետաքրքում. այս փուլում ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ իմ բեմական գործունեությունը հասցնեմ բարձր նշաձողի, ջանք ու եռանդս դրա վրա եմ ծախսում»:
Նրա խոսքով` բացառված չէ, որ իր մասնակցությամբ շոու-ներկայացումները ներկայացվեն ինտերնետային տարբերակով` օնլայն տիրույթում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Դավթյանը նախորդ տարվա 12-րդ ամսվա 12-րդ օրը դերասան Հայկ Պետրոսյանի հետ հանդես եկավ ամանորյա stand up շոու-ներկայացումով:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
«Ակադեմիկոսների եւ գիտնականների հանրության մարդու իրավունքների միջազգային ցանցը», որին անդամակցում են նոբելյան 27 մրցանակակիրներ, իր աջակցությունն է հայտնել Թուրքայի ակադեմիկոսներին, ովքեր պետական մակարդակով հալածվում են իրենց խոսքն ազատ արտահայտելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: «Մենք դատապարտում ենք մեր գործընկերների նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից նախաձեռնված ցանկացած սպառնալիք, անհիմն մեղադրանք եւ բռնություն»,¬ նշել են ակադեմիկոսները:
Հիշեցնենք, որ թուրք ավելի քան հազար ակադեմիկոսներ ստորագրել էին իշխանություններին հասցեագրված հայտարարության տակ, որում նրանք կոչ էին անում դադարեցնել բռնությունները երկրի հարավ¬արեւելքում եւ «Քրդական հարցը» կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս հայտարարությունը բարկացրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա նույնիսկ «դավաճան» էր անվանել գիտնականներին եւ հրահանգել դատախազությանը նրանց դեմ հետաքննություն սկսել: Արդյունքում 21 ակադեմիկոս ձերբակալվել էր եւ որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

 

ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է բրիտանական Black խմբի վոկալիստ Քոլին Վիրնքոումբը։ խպվՑՈ-ի փոխանցմամբ` 53-ամյա երաժիշտը վթարի է ենթարկվել 2 շաբաթ առաջ Իռլանդիայում` օդանավակայանի հարեւանությամբ: Նա անմիջապես հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել Վիրնքոումբի կյանքը:
Վիրնքոումբը Black խմբի բոլոր երգերի հեղինակն է, այդ թվում` Wonderful Life հիթի, որը ներկայացվել է 1987-ին: Խումբը թողարկել է 8 ալբոմ: Ինքը` վոկալիստը, ունի մի քանի անհատական սկավառակ։

 

ԳԻՆԸ` 7.5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Իտալական Սիենա քաղաքից ոչ հեռու վաճառքի է հանվել Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից մեկին` քանդակագործ եւ նկարիչ Միքելանջելո Բուոնարոտիին պատկանած սեփական տունը:
Ինչպես նշում է Tert.am-ը, հղում անելով euromag.ru-ին, հանճարեղ արվեստագետը 8 ննջասենյակ ունեցող տունը ձեռք է բերել 1549թ., եւ մինչեւ 1867թ. անշարժ գույքը պատկանել է Բուոնարոտիների տոհմին: Խաղողի որթատունկերով շրջապատված տունը, որից աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Տոսկանայի լեռները, կարելի է գնել 7.5 մլն եվրոյով:
Հետաքրքրական է, որ 11-րդ դարում կառուցված տունն իր գոյության ընթացքում ունեցել է ընդամենը 3 սեփականատեր, որից մեկը Միքելանջելոն էր։




Լրահոս