ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նա Սերժ Սարգսյանի հետ քննարկել է կազմակերպության առջեւ ծառացած արդիական հարցեր, ինչպես նաեւ նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է կարգավորվում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրության հարցը:

Սուսաննա Խաչատրյան (48 տարեկան, քիմիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները:
Ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում՝ այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը օտարերկրացիների համար վճարովի է (բացառությամբ ազգությամբ հայերի, որոնց համար պետությունը նախատեսում է սահմանափակ թվով անվճար տեղեր պետական ուսումնական հաստատություններում):

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ օտարերկրացիներն ուսհաստատություններում կարող են սովորել՝
1) պայմանագրային հիմունքներով (վճարովի), 2) միջպետական եւ միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտարերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում՝ նախապատրաստական դասընթացում հայոց լեզուն ուսումնասիրելու պայմանով, 3) ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի սահմաններում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը, եւ հնարավո՞ր է արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար կառուցապատման իրավունք ձեռք բերել:

Սահակ Ղուկասյան (58 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ հողային օրենսգրքի համաձայն՝ հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:




Լրահոս