Հայ-ռուսական հարաբերություններում լրջագույն ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Հայաստանը կանգնած է Մաքսային միություն մտնելու ռուսական պարտադրանքի առաջ՝ չնայած այն հանգամանքին, որ պատրաստվում էր Եվրամիության հետ կնքել Ասոցացման ազատ խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրեր: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր անդամագրմանը խանդով է վերաբերում Արեւմուտքը, որը ոչ պակաս, քան Ռուսաստանը, վճռական է տրամադրված եւ դեմ է կոմպրոմիսային քաղաքականությանը:
Ստացվում է, որ եթե Հայաստանը որոշի միանալ Մաքսային միությանը, ապա Եվրամիությունը կհրաժարվի Հայաստանի հետ երկկողմանի, հեռանկարային պայմանագրեր կնքել: Բայց մյուս կողմից էլ ՌԴ-ն է տարաբնույթ ճնշումներ բանեցնում:
ՀԱՐՑ. Արդյո՞ք ինտեգրումը մեր երկրի համար պարտադիր ու կենսական քայլ է: Ինչպե՞ս վարվել, գնալ դեպի Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փոքրացող աշխարհում ինտեգրացման գործընթացներն անխուսափելի են եւ բնական: Բայց էականը, անշուշտ, ինտեգրացման բովանդակությունն է, առավել էականը՝ ազգային ու պետական շահի գիտակցումն ու կարեւորությունը: Պատմականորեն, ավա՜ղ, այնպես է ստացվել, որ մենք միշտ մեր ազգային շահը փնտրել ենք ամենուր, բայց ոչ մեր մեջ: Ու դրա համար էլ խարխափել ենք ռուսաց թագավորին նամակ գրելու ու Տիզբոնից մարզպան բերելու քաղաքական վարքագծի որոգայթներում: Ինտեգրացման խաղալիք ու զոհ չդառնալու առաջին նախապայմանը զարգացող ու ժողովրդավարական երկիր կառուցելն է՝ պաշտպանված իրավունքով ու երկիր-հայրենիքին կառչած քաղաքացիով (ինչը մեզ, ցավալիորեն, չի հաջողվել):
Խոցելի, բարոյական ու քաղաքական ճգնաժամեր ապրող իշխանությունները միշտ էլ պարտադրված են ինտեգրացման այս կամ այն ճանապարհ որդեգրել հաճախ արտաքին ճնշումների կամ ներքին լեգիտիմության թույլ ռեսուրսների թելադրանքով:
Ժողովրդավարական Եվրոպան հրապուրիչ է թվում (նաեւ ասոցացման համաձայնագրով ենք ներգրավված), թեեւ հենց այս օրերին արժեքների կորուստն ու քաոսն ակնհայտ է: Եվրասիական միությունը, գոնե ինձ համար, մինչեւ վերջ չմարսված եւ ինքնիշխանությունը վտանգող հեռանկար է երեւակում:
Մեր շահը մեզանով պայմանավորվենք ու փորձենք կորուստների ու շահերի համեմատության մեջ տեսնել հեռանկարը: Մի բան էական է՝ մեր փոխարեն ոչ ոք կարգին երկիր չի կառուցի, իսկ մենք մաշվում ենք…
ՀՅԴ անդամ, քաղաքագետ
Պատրաստեց Սուսաննա Մարտիրոսյանը