ՄԱՐԴ ՉԿԱ՝ ԽՆԴԻՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում շուրջ 300 ընտանիք ապրում է 88-ի երկրաշարժից հետո որպես ժամանակավոր կացարան հատկացված փայտաշեն տնակներում, որոնք տարիների ընթացքում քայքայվել են եւ ներկայումս  բնակության համար վտանգավոր են:
«Տան մեջ սնկեր են աճում, փայտը սնկային հիվանդությամբ վարակվել է, անցքերից մկներն ու առնետներն ամեն օր մտնում են բնակարան, ամեն օր կռիվ եմ տալիս նրանց դեմ, որդերի մասին էլ չեմ ասում: Լուսամուտը բացում ես, որ տունն օդափոխվի, դարձյալ անօգուտ է, նկուղների գարշահոտն է տուն լցվում: Այլեւս հնարավոր չէ այսպես գոյատեւել, ի՞նչ է մտածում մեր կառավարությունը, ժամանակավոր տվեցին եւ դարձրեցին հիմնական… մի շենքն էլ մի քանի տարի առաջ հրդեհվեց… Սպասում են՝ մենք էլ վառվենք, միանգամից պրծնեն. մարդ չկա՝ պրոբլեմ չկա»,-ներկայացրեց Աշոտաբերդի բնակչուհի Նաիրա Գասպարյանը, որն այս պայմաններում մեծացնում է 2 անչափահաս երեխաներին:
Երկհարկանի, փայտաշեն 24 տնակներից բաղկացած այս թաղամասը՝  296 բնակարանով,  ձեւավորվել է երկրաշարժից հետո՝ 1989թ.: Այդ ժամանակ թեկուզ փայտաշեն բնակարան ստանալը մեծ երջանկություն էր անօթեւան մնացած ընտանիքների համար, սակայն վերջիններս դժվար թե պատկերացնեին, որ աղետից 22 տարի անց էլ իրենց հիմնական բնակարաններ չեն տրվի: Տարիների ընթացքում ժամանակավոր կացարանները քայքայվել են, ամենուր տարածված է  խոնավության հոտը, ինչը լուրջ խնդիր է թաղամասում բնակվողների առողջության համար: Թաղամասի բնակիչներն ասում են, որ հաճախ քայլելն անգամ վտանգավոր է, քանի որ վախենում են՝ հատակը փլվի, եւ իրենք հայտնվեն առաջին հարկում կամ նկուղում, որտեղ մշտապես ջուր է ու տհաճ հոտ: Անձրեւի ժամանակ էլ բնակարաններում անձրեւանոցով են քայլում, իսկ ձմռանը քամին ու ցուրտը սողոսկում են քայքայված պատերի անցքերից ներս:
Բնակիչներն արդեն մի քանի անգամ կոլեկտիվ դիմում-բողոքներ են ուղարկել կառավարությանն ու երկրի նախագահին, սակայն ապարդյուն: Աշոտաբերդի խնդիրներին տեղյակ են նաեւ Ստեփանավանի քաղաքապետարանում, սակայն համայնքային փոքրիկ բյուջեով հնարավոր չէ խնդրին լուծում տալ: Քաղաքապետարանը եւս Աշոտաբերդի հարցով բազմիցս դիմել է քաղաքաշինության նախարարություն, որտեղից հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների՝ կառավարության կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը Ստեփանավանում արդեն ավարտված է, իսկ բնակարանաշինական նոր ծրագիր առաջիկայում չի նախատեսվում: Մյուս կողմից էլ խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի որ թաղամասի բնակիչները 1989թ., պետության կողմից ստանալով այդ բնակարանները, ստացել են նաեւ հավաստագրեր, որտեղ նշված չէ այդ բնակարանների ժամանակավոր լինելու մասին. նրանք փաստացի բնակարանի սեփականատերեր են: Խնդիրը լուծելու համար Աշոտաբերդի բնակիչները նախ եւ առաջ պետք է դատական կարգով հաստատեն, որ այդ բնակարանները ժամանակավոր կացարաններ են եւ տարիների ընթացքում բնակության համար դարձել են ոչ պիտանի, որից հետո նոր միայն հնարավոր կլինի ընթացք տալ այս ընտանիքների բնակարանաշինության խնդրին: Իսկ մինչ այդ 300 ընտանիքներում երեխաները մեծանում են խոնավության մեջ` առնետների ու սնկային հիվանդությունների դեմ պայքարելով:

Արմինե Բալայան
Լոռի




Լրահոս