ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա»-ն շարունակում է իր աշխատակիցներին խաբել
Երեկ «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Նրանք պահանջում են իրենց յոթ ամսվա աշխատավարձը, որն ընկերությունը չի վճարել: Ակցիայի մասնակիցները Սերժ Սարգսյանին ուղղված իրենց բողոքի նամակը հանձնելուց հետո շարժվեցին դեպի Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող ASG-ի ապահովագրական ընկերության շենք, որտեղ տեղակայված են «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ՍՊԸ-ները:
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Արմավիա»-ն աշխատանքից ազատել է մի խումբ մարդկանց՝ բորտ-ուղեկցորդների, ուղեկցորդուհիների, ինժեներների, օդաչուների: Ավելին, պարզվում է` ավիաընկերությունը խաբել է ոչ միայն ավելի քան 155 աշխատակցի, այլեւ Հայաստանի Հանրապետությանը. 2011թ.-ից մինչեւ 2013թ. համապատասխան սոցվճարումները չեն արվել: Տվյալ ավիաընկերության նախկին աշխատակիցները պնդում են, որ իրենցից պահումներն արվել են, բայց սոցվճարումները չեն մուծվել պետբյուջե:
Ընկերության հաշվապահությունը բարկացած քաղաքացիներին երեկ տրամադրեց իրենց հաշվարկային թերթիկները, որոնցում նրանք բազմաթիվ հակասություններ գտան: Նախկին աշխատակիցները վստահեցնում են, որ դրանցում գրված ժամավճարի գումարը չի համապատասխանում իրենց ստացած գումարի չափին: «Պարզեցինք, որ մեր թռիչքաժամերը, որի ժամավճարի դիմաց մենք ստացել ենք 3 հազար դրամից սկսած, հաշվարկային թղթերում նշված է 1000 դրամ: Ճիշտ է, մենք աշխատավարձը ստացել ենք ժամերին համապատասխան, բայց այս թվերը ստացածին չեն համապատասխանում, սրանք հետագայում թոշակի վրա ազդելու են»,-ներկայացրեց բորտ-ուղեկցորդուհի Նառան:
«Արմավիա»-ն նախկին բորտ-ուղեկցորդուհի Մարիա Ասլանյանին եւս պարտք է ավելի քան ութ ամսվա աշխատավարձ: Նա հիմա աշխատանք չունի եւ մտածում է արտերկրում աշխատանք փնտրելու մասին. «Այստեղ անիմաստ է ապրելը»:
Աշոտ Տոնոյանը «Արմավիա»-ի ինժեներատեխնիկական համակարգում աշխատել է որպես հերթափոխի ինժեներ: Նա ավելի քան յոթ ամիս է՝ աշխատավարձ չի ստացել, եւ ընկերությունը Տոնոյանին պարտք է մոտ երկու միլիոն դրամ: «Յոթ ամիս է, ինչ իմ ընտանիք գումար չի մտել, պատկերացրե՛ք, թե ինչ վիճակում է այն հիմա: Տրամադրված ենք երկրից դուրս գալ: Այս երկրում ես հեռանկար չեմ տեսնում: Այն երկրում, որտեղ կարողացա աշխատանք գտնել ու տեղավորվել, հավատացե՛ք՝ դրա հաջորդ օրն ընտանիքիս եմ տանելու»,-նշեց հերթափոխի նախկին ինժեները:
Իսկ Հայկ Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում անկարող է իր մասնագիտությամբ աշխատանք գտնել. «Իմ մասնագիտությունն ինքնաթիռի հետ է կապված, վաճառո՞ղ աշխատենք: Այսօր Հայաստանում բոլորն էլ վաճառող են, ոչ էլ կարող ենք պատ շարել»:
«Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հանդիպեց լրագրողների եւ բողոքող քաղաքացիների հետ. «Միայն «Արմավիա»-ն պարտք չէ, նաեւ ընկերությանն են պարտք: Քանի որ այս խառնաշփոթը ստեղծվեց, դրա համար էլ դժվարանում են մեզ մուծել, եւ մեր պարտքի ցուցակը սրանից ավելանում է: Բայց հենց նոր ղեկավարությունը խոստացավ, որ հունիսի 3-ին կամաց-կամաց բոլորի աշխատավարձերի պարտքերը կփակվեն: Ճիշտ է, դրանց չափերը մեծ են, բայց անպայման տրվելու են: Չնայած հիմա բոլոր լրատվամիջոցները ցույց կտան, որ «Արմավիա»-ի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել, այս պատճառով էլ կազմակերպություններ կլինեն, որոնք կարող են առիթից օգտվել: Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա հունիսի 3-ին չի լինի, այլ 7-ին»:
Ընկերության մամուլի խոսնակի այս հայտարարությունը, բնականաբար, դժգոհող քաղաքացիներին դուր չեկավ: Նախկին աշխատակիցներից մեկը զայրացած նկատեց. «Լավ, ես, ձեզ հասկանալով, բողոք չունեմ, բայց իմ երեխաներն ինձ չեն հասկանում արդեն, պահանջում են՝ հաց կա՞: Լույսի մարդը գալիս լույսն է անջատում, գազինը՝ գազը: Խնդրում եմ՝ սեփականատիրոջը փոխանցե՛ք, որ արդեն համբերելու ժամանակ չունենք: Մեր երեխաներին պետք է պահենք, կերակրենք»:
Նանա Ավետիսովան ի պատասխան տեղեկացրեց. «Հիմա ինքնաթիռներն են վաճառվում: Նաեւ՝ վաճառված տոմսերի փոխհատուցման գործընթացն է շարունակվում: Երբ փողերը կհավաքվեն, այդ ժամանակ էլ բոլորի պարտքերը կտան»:
Այս վերջին հայտարարությունից հետո բողոքող աշխատակիցները բարկացան ու Նանա Ավետիսովայի աշխատասենյակից դուրս եկան: Նրանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նշեցին, որ այս «հեքիաթներն» իրենք վաղուց են լսել ու դրանց այլեւս չեն հավատում:
Ավելի ուշ emedia.am-ը զրուցել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ: Ներկայացնում ենք մի փոքրիկ հատված հարցազրույցից:
– Պարոն Բաղդասարով, ,Արմավիայիե աշխատակիցներն այսօր՝ մայիսի 29–ին, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի մոտ, Սերժ Սարգսյանից պահանջելով իրենց 6 ամսվա աշխատավարձը: Նրանք կստանա՞ն իրենց աշխատավարձերը։
 – Մենք արդեն իսկ վճարում ենք։ Արդեն փակել ենք 1–2 ամսվա աշխատավարձերը։ Հարցն այն է, որ մենք վճարում ենք այն ժամանակ, երբ մեզ էլ վճարում են։ Մենք սնանկացումն էլ ձգձգում ենք, որ աշխատավարձերը փակենք։ Եթե մենք հիմա հայտարարենք սնանկության մասին, նրանք իրենց աշխատավարձերը կստանան ,Հայկական ավիաուղիներե–ի աշխատողների պես՝ 5 տարի անց։ Մենք վճարում ենք նրանց աշխատավարձերը, վաճառում ենք ,Արմավիաե–ի գույքը, ինքնաթիռները։ Մեզ էլ պարտք են, այդ պարտքը ուշացնում են, այդ իսկ պատճառով աշխատավարձերը հունիսի 3–ի փոխարեն կվճարվեն հունիսի 7–ին։ Մենք արդեն բավական պարտքեր ենք փակել, մոտ 25%, այդ թվում՝ բանկերին։
Մենք ուզում ենք նաև ինքնաթիռները վաճառել, որը ևս վարկերը փակելու հնարավորություն կտա։ Պարտքերը միայն բորտուղեկցորդուհիներին կազմում է մոտ 200.000 դոլար, իսկ օդաչուներին՝ 500.000 դոլարից ավել։ Մենք այդ ամենը կփակենք, իսկ եթե սնանկացում լինի, նրանք գումարներ չեն ստանա։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս