«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտարարում է «Ժողովրդական ազգային պլատֆորմ» ստեղծելու մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը և մեր համախոհները,
մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով,
ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր,
Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքերի պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,
կարևորելով մեր ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում,
հռչակում ենք Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի ստեղծումը:
Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝
-
Ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներին՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով,
-
Ապահովել հանրային լայն ներգրավածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին,
-
Քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:
Պլատֆորմն ընտրում է ոչ բռնի պայքարի, հրապարակայնության, համագործակցության, ակտիվ դիմադրության, կամավորության, ընդհանրություններն առաջ մղելու, իսկ տարակարծությունները՝ մի կողմ թողնելու սկզբունքներն ու պայքարի մեթոդները»: