Մայիսի 26-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը, քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպել են Բերդի տարածաշրջանի համայնքապետերի հետ եւ քննարկել համայնքներում իրականացվելիք ծրագրերի հետ կապված հարցեր: Բերդի տարածաշրջանի համայնքապետերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թերահավատություն հայտնեցին այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Զարմանալի է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (www.Tavush.gov.am) ոչ մի բառ չի հայտնել սույն հանդիպման մասին: Նշենք, որ Կ. Աթոյանը, Մ. Բադալյանը եւ Դ. Դումանյանը ծագումով Բերդի տարածաշրջանից են: Աթոյանը ծնվել է Բերդ քաղաքում, Բադալյանը՝ Արծվաբերդում, Դումանյանն էլ արմատներով Արծվաբերդից է: Ու թեեւ առողջապահության նախարարը Բերդի տարածաշրջանից, է, բայց տարիներ շարունակ չի լուծվում Բերդի բժշկական կենտրոնը մասնագետ կադրերով համալրելու գործը: Բերդի մեր աղբյուրները հայտնում են, որ Մ. Բադալյանը եւ Դ. Դումանյանը 2013թ. նախագահական ընտրություններում հայրենի Արծվաբերդում պետք է սատարեին Սերժ Սարգսյանին: Սակայն այս գյուղում Ս. Սարգսյանն ավելի քիչ ձայներ է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին հարցրինք Արծվաբերդի ԲՀԿ-ական գյուղապետ Վոլոդյա Ուզունյանին: Վերջինս հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանն Արծվաբերդում ավելի շատ ձայներ է ստացել, քանի որ այդպիսին է եղել գյուղացիների կամքը:
ԵՐԿՈՒ ԶՈՀ, ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 28-ի երեկոյան Նոյեմբերյանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 24 LO 705 պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի 33 DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարից զոհվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ,1985թ. ծնված Սմբատ Սերոժի Ղալթախչյանը եւ 1983թ. ծնված Թաթուլ Գառնիկի Դալլաքյանը: Սմբատ Ղալթախչյանը ոստիկան էր, կոչումով ավագ: Վթարից վիրավորվել է նաեւ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նա Նոյեմբերյանի զորամասի սպա է, կոչումով լեյտենանտ: Նրան ծանր, անգիտակից վիճակում տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի զինվորական հոսպիտալ: Քանի որ զոհվածներից մեկը ոստիկան է, վթարի կապակցությամբ քննությունը կկատարի հատուկ քննչական ծառայությունը:
Տավուշ