«Ժողովուրդ»-ի զրույցը ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւի հետ Սունդուկյան թատրոնում կայացավ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը դերասանը համարում է հրաշալի տոն համայն հայության համար: Ըստ նրա՝ առանց մշակույթի, ազգային խորհրդանիշերի, լեզվի` պետությունը պետություն չէ: Նա նախ շնորհավորեց այդ տոնի առթիվ պետական պարգեւների եւ կոչումների արժանացած իր վեց գործընկերներին, ապա խոսեց մշակույթի ոլորտի վերջին տարիների բարեփոխումների մասին:
-Դրանք տվել են որոշակի բարի պտուղներ, օրինակ՝ ազգային մշակութային քաղաքականության համար իրավական դաշտը կա, եւ հարցն այն է, թե ինչպես են այն օգտագործում: Բայց ասել, որ այդ պտուղները միշտ են առողջ, կամ հենց դա էր նպատակը, ինչին հասել են, ճիշտ չի լինի: Օրինակ՝ մեր թատրոնում վերացվեց գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը, դրա փոխարեն ունեցանք գլխավոր ռեժիսոր, բայց դա մեծ երեւույթ չդարձավ: Եվ այս տարիների ընթացքում մեր ստեղծած «Ջոն արքա»-ն, որը հրաշալի ընդունվեց Անգլիայում, «100 տարի անց»-ը եւ մնացած ներկայացումները լինելու էին կայուն, հրաշալի երեւույթ նաեւ գեղարվեստական ղեկավար ունենալու դեպքում: Բարեփոխումների ծրագրով ազգային թատրոնի բեմն ազատագրվելու էր, այնտեղ պիտի ներկայացվեին ազգային գաղափարախոսություն կրող գործեր, որը պետք է երեւույթ դառնար, բայց դա չստացվեց: «Ջոն արքա»-ն, անկասկած, հրաշալի ներկայացում է, բայց՝ օտարի համար: Կուզենայի զուգահեռներ անցկացնել նրա եւ մեր բեմում ներկայացված «Անուշ»-ի միջեւ, որովհետեւ երկու դեպքում էլ, կարծես թե, հայ մշակույթն ուզում ենք ցուցադրել դրսում: Եթե երկու տարի առաջ այս ծրագրերն առաջարկեին Սունդուկյանի թատրոնին, «Ջոն արքա»-ում լինելու էին այն բոլոր փայլուն դերակատարները, որոնք կան այսօր: Նույնիսկ եթե այլ ռեժիսոր լիներ:
-Իսկ «Անուշ»-ը հիմնականում բացասական արձագանքներ ստացավ:
-Այն, ինչ տեսա «Անուշ»-ում, իմ «Անուշ»-ը չէ: Ես տեսա հրաշալի ձայներ, երգչախումբ, բայց դասականը ժամանակակից ձեւով ընթերցելու մոտեցման մեջ, որն այսօր մոդա է դարձել, կորել էր ազգային էթնիկ մշակույթը: Մինչդեռ շատ քիչ գործեր ունենք, որոնք կարող ենք աշխարհին ներկայացնել: Ի վերջո, մենք ավելի շատ հարուստ ենք ազգային էթնիկ մշակույթով. նույնիսկ Արամ Խաչատրյանի նման մեծության ե՛ւ «Սպարտակ»-ը, ե՛ւ «Գայանե»-ն ամբողջովին էթնիկ զգացողությունների վրա են կառուցված: Իսկ «Անուշ»-ում ռեժիսորը, ստեղծագործական կազմը կարծես անտեսել էին ամենակարեւոր բաներից մեկը` ինչ ենք կորցնում եւ ինչ ենք շահում օտարին ցույց տալու համար: Եթե այդ ներկայացումը Եվրոպային ցույց տալու համար չլիներ, գուցե այսքան աղմուկ էլ չլիներ: Համոզված եմ, որ օտարին հետաքրքիր է հայի, մասնագիտորեն ասած, կոկորդը, հայի բնաշխարհը, հայի տեսակը, ազգային էմոցիաները, բարոյական արժեքները… Ես չէի ուզենա, որ եվրոպացին այդ ներկայացումով ընկալեր Թումանյանի եւ Տիգրանյանի մեծությունը որպես ազգային արժեք: Շատ կուզենայի, որ մեր բեմն ունենար որոշակի չափանիշ: Թատրոնի գեղարվեստական խորհուրդը պարտավոր է պատասխանատվություն կրել նույնիսկ մանկական ներկայացումների, միջոցառումների, սովորական համերգների համար:
-Սունդուկյան թատրոնում սերնդափոխությունը հիվանդագին չի՞ ընթանում, դրանում ինչպիսի՞ դեր ունի թատրոնի ստուդիան:
-Անկասկած, թատերական ինստիտուտը տալիս է ավելի մեծ պատրաստություն ունեցող, ավելի գրագետ շրջանավարտներ, բայց, ցավոք, նրանք ավելի շատ տեսականորեն են պատրաստված: Որեւէ թատրոնի պահանջները կարող են չհամընկնել կուրսղեկի տված գիտելիքի հետ, որն անցել են ինստիտուտում: Ինստիտուտից կամ մեկ այլ տեղից թատրոն եկած երիտասարդին պետք է առնվազն 4-5 տարի, որ կարողանա հասկանալ` ինչ բան է, ենթադրենք, 100 տեղանոց կամ 1000 տեղանոց դահլիճը, որ դեպքում ինչպես խաղա, ինչպես խոսքը տեղ հասցնի… Երբ Աճեմյանը ժամանակին բացեց ստուդիան, կարողացավ ապացուցել, որ, բացի ինստիտուտից, կարող է լինել բարձր մակարդակի ստուդիա, եւ այն ժամանակին տվել է հրաշալի դերասաններ` Շաքե Թուխմանյան, Ալիկ Խաչատրյան, Արմեն Մարության, Ձեր խոնարհ ծառան… Ու լավ է, որ այն այսօր էլ գործում է եւ տալիս ավելի շատ պրակտիկ աշխատանքի փորձ: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա Վահե Շահվերդյանը ժամանակին թատրոն բերեց բավական մեծ կուրս, որի դեմ շատ ընդվզումներ եղան, բայց այդ դերասաններն այսօր կազմում են թատրոնի, կարելի է ասել, միջին սերունդը: Երիտասարդների հետ կապված խնդիր կա, որը կարող է լուծվել նաեւ ստուդիայի միջոցով:
«ՊՏՈՒՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՉԵՆ ԱՌՈՂՋ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ