ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ, ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակագիր Լեւոն Խեչոյանը մայիսի 28-ին հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից։
Նա իր քայլն այսպես է մեկնաբանել. «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքն է, շնորհակալ եմ վստահության եւ մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»: Համոզված ենք՝ շատերը, նկատի ունենալով գրողի` վերը նշված պատճառները, իրենք էլ կցանկանային նման քայլի դիմել: Կցանկանային, բայց… Նրանք պարզապես համարձակություն չունեն, վախենում են ինչ-որ բան` աշխատանք կամ նյութական արժեքներ կորցնելուց, նրանք զգուշանում են իշխանությունների հետ առճակատումից: Իհարկե, կան տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, որոնք արժանի են ե՛ւ ավելի լավ ապրելու, ե՛ւ գնահատականի, ե՛ւ կոչումների ու մեդալների, սակայն նման պարգեւների արժանանում են նաեւ մարդիկ, ում ամբողջ կյանքը եղել է պնակալեզության ու քծնանքի շնորհանդես:
Լեւոն Խեչոյանի այս որոշումը մեզ հիշեցրեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի քայլը: Վերջինս, ի պատասխան 2004թ. ապրիլյան ջարդի, վերադարձրեց իրեն տրված «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տիկին Սիլվայի բնակարան էին հասել ե՛ւ ժողովրդի վանկարկումները` «Քոչարյա՛ն, հեռացի՛ր», ե՛ւ վայնասունը՝ բռնի ուժի կիրառման ժամանակ: Համոզված ենք, որ այդ որոշումը հեշտ չէր կայացրել մայրենի լեզուն, հայրենիքը, պետությունը, Մեսրոպ Մաշտոցին գովերգող բանաստեղծուհին: Ի վերջո, դա պետական պարգեւ էր, իսկ ինքը պետության կայացման համար քիչ բան չէր արել, սակայն նա չցանկացավ վերցնել պարգեւը, որի վրա արյան հետքեր կային: Համոզված ենք նաեւ, որ Լեւոն Խեչոյանի համար էլ այդ որոշումը կայացնելը դյուրին չի եղել, բայց հենց նման մարդիկ են դառնում «սպիտակ ագռավ» եւ հավերժ մնում ժողովրդի հիշողության մեջ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս