Լուրերն այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գտնված երազ» հաղորդաշարը փակվում է, իրական են: Մայիսի 31-ին կլինի վերջին թողարկումը: Սակայն անհիմն են խոսակցություններն այն մասին, որ հաղորդման վարողին՝ Գոհար Գասպարյանին, հեռացրել են աշխատանքից: Գոհարի խոսքով՝ այս խոսակցություններն անհիմն են, քանի որ իր առաջիկա ծրագրերն «Առաջին ալիք»-ի հետ են կապված: Պարզապես հաղորդավարուհու աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է: Հունիսի 7-ին Գոհար Գասպարյանը եւ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը կմեկնեն Լեհաստան, որտեղ հունիսի 14-ին կկայանա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը: Դրան կհաջորդի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլի մեկնարկը: esyes.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին ասել է. «Իմ ցանկությամբ այս հաղորդումը փակում եմ, որ նոր բան անեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հաղորդում մեկ եթերաշրջան է արդիական: Դրանից հետո պետք է անպայման թարմացնես, փոփոխություններ անես կամ այլ նախագիծ սկսես: Լավ կլինի, որ նոր շնչով ուրիշ բան անենք՝ հատկապես, որ նոր ղեկավարություն է եկել մեզ մոտ՝ հետաքրքիր գաղափարներով, նոր տենդենցներով: Այնպես որ, նոր թիմով հետաքրքիր նորություններ կանենք: Ենթադրում եմ, որ նոր ծրագիրս կլինի ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ, քանի որ «Եվրատեսիլ»-ի ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է, եւ դա իմ ցանկությունն է»:
ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԿՓԱԿՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ