ՔԿՀ ծառայողը վնասել է դատապարտյալին. նրա գործը ՀՔԾ-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Գրիշա Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր Պարույր Մ.-ի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճաբանության մեջ է մտել վերջինիս և նրա ավագ եղբայր Ֆրունզ Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Պարույր Մ.-ին, այնուհետև Ֆրունզ Մ.-ին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս