Թուրքիան խնդրում է ՌԴ-ին բացատրություններ տալ ՆԱՏՕ-ին՝ իր օդային տարածքը խախտելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան հաստատում է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ նման խախտում չի եղել: Ընդ որում, Անկարան ցանկանում է, որ Մոսկվան բացատրություններ տա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, քանի որ Թուրքիան դաշինքի անդամ է. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանձնարարել է թուրքական ԱԳՆ-ին խնդրել Ռուսաստանին բացատրություններ տալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ կապված Սու-34-ի դեպքի հետ:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Յենս Ստոլտենբերգը: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ օդային տարածքի խախտում չի եղել:

«Կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն հայտարարություն անի, որի համաձայն՝ օդային տարածքի ցանկացած խախտում ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում է: Այդ հարցով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը մեզ բավարարում է: Մենք հանձնարարել ենք մեր ԱԳՆ-ին խնդրել Ռուսաստանին բացատրություններ տալ»,-Դավութօղլուի խոսքն է մեջբերում Hurriyet պարբերականը:

Թուրքիայի վարչապետը կարծում է, որ Ռուսաստանի ներկայիս ռազմաքաղաքական դոկտրինն ուղղված է աշխարհում իր ազդեցության վերականգնմանը, որը Ռուսաստանը կորցրել է 90-ականներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս