ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտպանական կողմը միջնորդել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավ՝1 մլն դրամի չափով:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քննիչը դիմել է դատախազին՝ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ գրավ կիրառելու՝ դատարանի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու խնդիրը քննարկելու հարցով:
Ինչպես հայտնի է՝ քննիչն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան բժշկուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր, սակայն կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց:
Բժշկուհին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։
Ըստ Քննչական կոմիտեի՝ քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: