ՍԴ-ն հետաձգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սահմանադրական դատարանը հունիսի 4-ին “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ի դիմումի հիման վրա պետք է քննության առներ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործըե: Սակայն սահմանադրական դատարանը որոշեց գործի դատաքննությունը հետաձգել` ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման եւ գործի հանգամանքների առավել ամբողջական ու համակողմանի քննության անհրաժեշտությունից:
ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍԴ-ն որոշեց`
1.Հետաձգել սույն գործի դատաքննությունը եւ այն նշանակել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին:
2.Վերանայել սահմանադրական դատարանի 26.03.2013թ. ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշումը եւ գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով:
3.Նկատի ունենալով, որ քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ եւ հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում լսել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները, ուստի գործի բանավոր դատաքննությանը հրավիրել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավասությամբ օժտված ներկայացուցչին եւ առաջարկել ՀՀ վճռաբեկ դատարանին ապահովել վերջինիս մասնակցությունը դատաքննությանը:
4.ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել` մեկամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական գործերով պալատի` 2006 թվականից հետո քննության առած, առանց բացառության, բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները:
5.Առաջարկել գործով զեկուցող` ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանին` սույն գործի բանավոր ընթացակարգով դատաքննության նախապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
6.Այս կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանի 26.03.2013թ. ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշման 1-ին եւ 3-րդ կետերը:




Լրահոս