Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։ Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Ավելի ուշ մամուլի ասուլիսով էր հանդես եկել և հայտարարել, որ կատարվածը Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ և հովանավորությամբ է տեղի ունեցել: Ազատամարտիկը վստահեցնում էր, թե ՀՖՖ նախագահին զայրացրել են իր քաղաքական հայացքները:

Միաժամանակ, Ռ. Հայրապետյանն էլ իր հերթին վստահեցնում էր՝ Սմբատ Հակոբյանի ծեծին որևէ կերպ չի առնչվել: Մինչդեռ ազատամարտիկը նույն մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր և Հայրապետյանի հեռախոսազրույցը՝ վերջինիս կողմից հնչեցված սպառնալիքներով: Իրականում ունե՞ր արդյոք նա հեռախոսազրույցի վերծանումն, այդպես էլ պարզ չդարձավ:

ArmLur.am-ը դեպքից ամիսներ անց փորձեց հասկանալ՝ ի վերջո ինչ միջադեպ էր տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի և Սմբատ Հակոբյանի միջև:

Մեր այս և մի քանի այլ հարցերի պատասխանեց ՀՖՖ նախագահը:

-Պարո՛ն Հայրապետյան, լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ Դուք իրեն երկխոսության եք հրավիրել, սակայն ինքը հրաժարվել է…

-Ես չեմ կարծում՝ Սմբատը նման բան ասած ըլնի, բայց ես որևէ առնչություն չունեմ էդ դեպքի հետ: Ու էն, ինչ որ էմոցիայի տակ իրար ասել ենք, կարծում եմ՝ դրանք սաղ անցած-գնացած են:

Ես ճի՞շտ հասկացա՝ միջադեպը էմոցիաների՞ ազդեցության տակ է տեղի ունեցել:

-Կարծում եմ՝ այո: Իմ կողմից, հաստատ, այո, իսկ թե Սմբատի կողմից ոնց՝ չգիտեմ:

-Սմբատ Հակոբյանի ներկայացրած հեռախոսազրույցի վերծանման մեջ սպառնալիքներ են եղել Ձեր կողմից…

-Մենք եքա մարդիկ ենք, ի՜նչ սպառնալիք…

-Խոսվում էր նաև, որ այդ ամենը քաղաքական հողի վրա է տեղի ունեցել…

-Արդեն ասացի՝ ես էդ ամեն ինչի հետ որևէ առնչություն չեմ ունեցել: Հետո՝ քաղաքական չէր կարա լիներ:

-Ձեր խոսքում էմոցիաների ազդեցության տակ զայրանալու մասին խոսեցիք… ի՞նչն էր եղել Ձեր բարկության պատճառը:

-Ես զայրացել եմ, որ էդ դեպքերում իմ անունը հնչել ա: Ես էլ էմոցիայի տակ կարող ա մի քանի բառ ասել եմ:

-Դեպքեր ասելով նկատի ունեք Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցերին հաջորդած ակցիանե՞րը. Սմբատ Հակոբյանն ա՛յդ ընթացքում ծեծի ենթարկվեց…

-Չէ՛: Հենց կոնկրետ Սմբատ Հակոբյանի դեպքը: Ինքը իմ անունը շոշափեց. ես հենց դրանի՛ց էմոցիայի տակ ասել եմ… Ի սկզբանե որևէ բան չի եղել… Կարծում եմ՝ բոլորն էլ համոզվեցին, որ ես կապ չունեմ:

-Քննչական գործողություններին մասնակցե՞լ եք՝ հարցաքննվել կամ առերեսվել:

-Առերեսում էղել ա Սմբատի հետ:

-Դուք ի՞նչ կարգավիճակով եք ներգրավվել գործին:

-Ես որպես վկա եմ հարցաքննվել: Հիմա չեմ կարա ասեմ՝ գործն ինչ ընթացքի մեջ է:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս