Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։

Razm.info-ի լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, և արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որևէ երաշխիք, Խիդաշելին պատասխանեց.

«Որքան ես եմ քաջատեղյակ, դա սխալ տեղեկատվություն է, այսպիսով մենք երբեք չենք խոսել երաշխիքների մասին։ Ես երեկ ևս մեկ անգամ ճշտեցի, և հաստատվեց, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», — վստահեցրեց նա։

Նշենք, որ հունվարի 27-ին վրաստանյան Новости-Грузия լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնին, հայտնել էր, որ «2015-ին թվականին «Դելտան» ականանետներ և նռնականետներ է վաճառել»։ Ավելի ուշ, կայքը խմբագրել էր իր տեքստը՝ հանելով վերոնշյալ զենքն «Ադրբեջանին վաճառելու» մասին լուրը, սակայն այն արդեն տարածվել էր վրացական և ադրբեջանական լրատվակայքերում։




Լրահոս