Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք հայտարարեցինք Եվրամիության հետ բանակցությունները մեկնարկելու մասին, ինչից հետո կայացավ բանակցությունների առաջին փուլը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ հետագա փուլերի ժամանակացույցի վերաբերյալ:
Նախապատրաստվում են նոր բարձրաստիճան այցելություններ, որոնք կլինեն թե՛ Հայաստան, թե՛ Բրյուսել: Դրանց արդյունքում կարող ենք նոր պայամանավորվածություններ ձեռք բերել և մեր հարաբերություններն առաջ մղել տարբեր ուղղություններով», նշեց Նալբանդյանը: ՀՀ արտգործնախարարը հերթական անգամ հիշեցրեց Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը:
«Մեկ բան ակնհայտ է. Հայաստանը բազմիցս ասել է և մնում է այն դիրքորոշմանը, որ մենք ԵՄ հետ պատրաստ ենք շարունակել ընթանալ առաջ, ամրապնդել, խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որով ԵՄ պատրաստ կլինի` հաշվի առնելով մեր հանձնառություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում», -ասաց նա: