Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 4-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում Բաղյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Ղուկաս Եսայանը, վարելով իրեն ամրակցված Toyota մակնիշի 744 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ, 14-ամյա Ռազմիկ Սարգսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, ստացել է կոտրվածք և այս պահին հետազոտվում է բժիշկների կողմից, իսկ երեխան սովորում է թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդ Ղ. Եսայանը աշխատում է Ճանապարհային ոստիկանությանն ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեեկությունների՝ ավագ քննիչ Ա. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայություն: