ՀՀ նախագահի նստավայրում նախօրեի երեկոյան Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի պատվին տեղի է ունեցել պաշտոնական ճաշկերույթ: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ ճաշկերույթին, Սերժ Սարգսյանից ու արքայազնից բացի, ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Բրիտանիայից եկած գործարարներ: Սակայն հայ գործարարների զգալի մեծամասնությունը չի մասնակցել այդ ճաշկերույթին, քանի որ ի սկզբանե նրանց համար բավական լուրջ նախապայման է առաջ քաշվել. արքայազնի հետ ճաշելու համար պետք էր «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամին հանգանակություն կատարել 15-35 հազար դոլարի սահմաններում: Ու հենց այս «մուտքավճարի» պատճառով էլ շատերը հրաժարվել են մասնակցելուց՝ «բալը թանկ» համարելով: Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ արքայազն Չարլզի այցը Հայաստան մասնավոր է, եւ նրա մասնակցությամբ միջոցառումների վերաբերյալ լրատվություն կարելի է ստանալ հիմնադրամից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ