ԽԵ՛ՂՃ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԽԵ՛ՂՃ ԱԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին ու մի քանի սկանդալային հայտարարություններ արել, թե իրենք չունեին ֆինանսական, վարչական ռեսուրսներ, դրա համար պարտվել են:
Նախ Բաղդասարյանն ասել է, թե բոլորովին էլ կեղծված չի համարում Երեւանի ավագանու ընտրությունները. «Ես նախկինում էլ եմ ասել, մենք չունեինք բավարար ֆինանսական ու վարչական ռեսուրսներ այդ պայքարում հաղթելու համար, եւ այդ մասին խոսելն ամոթ չէ: Մենք պետք է ավելի լավ պատրաստ լինենք ապագայում: Պարզապես տեղական ինքնակառավարման ընտրություններում մեծ է թաղային հեղինակությունների գործոնը, եւ դուք դա ինձնից ավելի լավ գիտեք: ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան»: Փաստորեն, Բաղդասարյանը, լինելով իշխանության մաս, հայտարարում է, որ իրենք անզոր են պայքարել թաղային հեղինակությունների դեմ, ինչի պատճառով էլ ՕԵԿ-ը պարտվել է:
Իհարկե, անկարելի է չգնահատել ՕԵԿ ղեկավարի անկեղծությունը, որ նա առանց ամաչելու խոստովանել է, թե հաղթելու ռեսուրսներ չունեին: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր մտնում ընտրապայքարի մեջ: Բայց փորձենք գնահատել, թե քանի սուտ է ասել ՕԵԿ ղեկավարը մի քանի տողանոց իր խոսքում: Նախ խոստովանում է, որ լրագրողներն իրենից շատ բան գիտեն. «Ընտրություններում մեծ է թաղային հեղինակությունների գործոնը, եւ դուք դա ինձնից ավելի լավ գիտեք»: Կարծում ենք՝ Արթուր Բաղդասարյանը, մեղմ ասած, անկեղծ չէ խոստովանելիս, թե լրագրողներն իրենից շատ բան գիտեն: Իսկ եթե իրոք այդպես է, ապա լրագրողները շատ ավելի լուրջ հրապարակումներ են անում, ինչո՞ւ ՕԵԿ ղեկավարը նույնպիսի օպերատիվությամբ չի արձագանքում: Իսկ կա՞ մեկը, որ հավատում է, թե ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան: Ինչ վերաբերում է ֆինանսական ու վարչական ռեսուրսներին, ապա այստեղ եւս սուտն առկա է, քանի որ Արթուր Բաղդասարյանի ունեցվածքը սրընթաց ձեւով աճում է, հետեւաբար նա ֆինանսական խնդիրներ հաստատ չունի: Իսկ վարչական ռեսուրսներն էլ կիրառել է այնքանով, որքան «թույլատրվել է», եւ դժգոհել, թե վարչական ռեսուրսներ ՕԵԿ-ը չի ունեցել, մեղմ ասած, սխալ է: Այդ դեպքում ինչո՞վ էին զբաղված ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները:
Հիմա դառնանք թաղային հեղինակությունների գործոնին: Թերեւս չարժե հիշեցնել, թե ով է Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Մարդ, որ պարտավոր է զբաղվել մեր երկրի անվտանգությանը սպառնացող ռիսկերի չեզոքացմամբ՝ տարբեր մեթոդներով: Ու եթե Բաղդասարյանը խոստովանում է, որ թաղային հեղինակություններն են ընտրություններում գործոն, նշանակում է՝ մեր երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքների տակ է: Այդ դեպքում ինչո՞ւ է հանդուրժում թաղային թափթփուկների այդ գործելաոճը: Լծակներ չունի՞: Անհավատալի է:
Մնում է եզրակացնել, որ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը հերթական անգամ համեմված է միայն ամբոխահաճո ձեւակերպումներով հագեցած մտքերով, որոնք որեւէ քննադատության չեն դիմանում: Ի վերջո, ՕԵԿ-ը նույն իշխանության մաս է կազմում, կոալիցիոն հուշագրից չի հրաժարվել: Հետեւաբար Արթուր Բաղդասարյանը հավասարապես պատասխանատու է մեր երկրում առկա ծայրահեղ աղքատության ու ահռելի չափերի հասնող արտագաղթի համար:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս