Հայաստանում այսօր դժվար է գտնել որեւէ բնագավառ, որտեղ իշխանությունները ձախողումներ գրանցած չլինեն: Բայց կա մի քանի բնագավառ, որտեղ ձախողումներն ամենալուրջն են, ընդհուպ մինչեւ սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը: Այդպիսին է, օրինակ, արտաքին քաղաքականության բնագավառը, որտեղ ՀՀ իշխանություններն իրենց ապաշնորհության պատճառով պարզապես տապալվել են: Այդ հանգամանքը հերթական անգամ ի ցույց դրվեց նաեւ երեկ՝ 2012թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը սկսելուց մեկ տարի առաջվանից, այսինքն՝ 2007-2010թթ., որեւէ երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2010թ.-ին Ցեղասպանությունը ճանաչել է Շվեդիան` այն էլ փորձելով հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին պաշտպանել Հայաստանի իշխանություններին, 2011թ.-ին, 2012թ.-ին ոչ մի երկիր Ցեղասպանությունը չի ճանաչել»,-ասաց նա՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցնելով, թե արդյոք ժամանակը չէ՝ ԱԳՆ-ն խոստովանի, որ հայ-թուրքական արձանագրությունները վիժեցրել են Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ահա այստեղ էլ Շավարշ Քոչարյանն ուշագրավ խոստովանություն արեց, որ դեռ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր զգացվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման դանդաղում. «Պատճառը հենց այն էր, որ Թուրքիան ամենուրեք համոզում էր, որ մեզ հետ երկխոսության մեջ է, եւ այլ երկրներ այդ խայծը կուլ էին տալիս: Այդ տեսակետից, այնուամենայնիվ, արձանագրությունները հստակ ֆիքսեցին դիրքորոշումները»: Այլ կերպ ասած, Թուրքիան տարիներ շարունակ շատ հստակ կերպով փորձել է ողջ աշխարհին համոզել, թե իրենք Հայաստանի հետ առայժմ գաղտնի, բայց բանակցություններ են վարում, եւ եթե չեն ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, պետք է աշխարհը մոռացության տա Ցեղասպանության ճանաչման հարցը: Եվ ՀՀ իշխանություններն այս ողջ ընթացքում, բնականաբար, որեւէ քայլ չեն արել հակառակն ապացուցելու համար. հավանաբար կա՛մ հերթական անգամ անտեղյակ են եղել, թե ինչ է կատարվում իրենց թիկունքում, կա՛մ էլ պարզապես իմանալով հանդերձ անզոր են եղել պայքարել դրա դեմ: Սակայն թուրքական դիվանագիտության խաղը միայն այսքանով չի ավարտվել. 2009թ. Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները, եւ իր քայլով, ըստ էության, Հայաստանը հաստատեց թուրքական կողմի մինչ այս արած պնդումները, թե իրենք գաղտնի բանակցությունների մեջ են եղել: Առավել եւս, որ դիվանագիտական հարաբերությունները մեկ օրվա խնդիր չեն, ասել է թե՝ արձանագրությունների ստորագրման համար հարկավոր են ամիսներ:
Հաջորդ ուշագրավ փաստը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ որպես լրջագույն առաջընթաց մատնանշված է, թե 2012թ. ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Մասաչուսեթս եւ Ռոթ-Այլընդ նահանգներն ու Ավստրալիայի Ուելս նահանգի գործադիր մարմինը: Սակայն սրան զուգահեռ, ինչպես երեկ ասաց Ն. Փաշինյանը, Խոջալուի «ջարդերը» ճանաչել է ԱՄՆ 7 նահանգ, ինչպես նաեւ՝ Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի ու Պակիստանի խորհրդարանները: Հասկանալի է՝ այս ամենն արվել է Ադրբեջանի ակտիվ քաղաքականության արդյունքում, իսկ Հայաստանը որեւէ կերպ չի կարողացել հակադարձել կատարվածին, ուստի հարց է ծագում, թե ինչով են այս ողջ ընթացքում զբաղված եղել օտարերկրյա պետություններում գործող հայ դիվանագետները, մանավանդ որ 2012թ. ընթացքում միայն դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման համար ծախսվել է 6 մլրդ 610 մլն դրամ: Խոստովանենք՝ սա Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչության մեծագույն ձախողումներից մեկն է: Բայց մյուս կողմից հասկանալի է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ ԱԳ նախարարը հենց Էդվարդ Նալբանդյանն է, բացի այդ, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը, որի լեգիտիմությունն աշխարհում կասկածելի է:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. երեկ Շավարշ Քոչարյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ փորձում էր պատգամավորներին բացատրել, որ 2011թ.՝ Կազանում Ս. Սարգսյան-Ի. Ալիեւ հանդիպման ժամանակ, կողմերը գրեթե պետք է ստորագրեին փաստաթուղթ, որից հետո փաստաթղթին իր ստորագրությամբ համաձայնություն տար նաեւ Ղարաբաղը, որն այնուհետեւ դառնալու էր բանակցային կողմ: Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը վիժեցրել է այդ գործընթացը, իսկ հիմնական պատճառներից մեկն էլ Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալն է եղել: Եվ ընդհանրապես, երեկ Շ. Քոչարյանը նախանձելի էնտուզիազմով էր խոսում ԼՂՀ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին: Միայն թե նա այդպես էլ չասաց, թե ինչու են ժամանակին ԼՂՀ-ն հեռացրել բանակցային սեղանից, ով է կատարել այդ սխալը, որ հիմա իրենք փորձում են իբր վերադարձնել: Տեղեկացնենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիարժեք կողմ է եղել: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1998թ. իշխանափոխությունից հետո. Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ն դուրս բերեց բանակցային գործընթացից՝ ասելով, որ ինքը կներկայացնի երկու կողմին էլ: Իսկ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր, հետո դարձավ պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ