Հաստատում եմ իմ ասածները ու կրկնելու խնդիր չունեմ. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` երեկ արված հայտարարությունը բուռն քննադատությունների տեղիք էր տվել: Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում Ռուստամյանը հայտարարեց, որ իր ասածները երկրորդ անգամ չի կրկնում:

«Ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները»,- ընդգծեց Ռուստամյանը`  անդրադառնալով իր երեկվա այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է:

Լրագրողների դիտարկմանը, որ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ կվերանայեն իրենց մոտեցումներն այս հայտարարությունից հետո, Արմեն Ռուստամյանն  արձագանքեց. «Վահրամ Բաղդասարյանի ասածներն իրեն հասցեագրեք, ես որևէ բան չունեմ կրկնելու, ես ինչ ասել եմ, ասել եմ ամբողջական, լիարժեք, համապատասխան իրավիճակին, ու կրկնելու խնդիր չունեմ»:

Մեկ այլ  հարցին՝ այսինքն՝ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, ու  շարունակում եք դա պնդել, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Եթե երկրում կա լուրջ դժգոհություն, իսկ դա առկա է, ես համարում եմ՝ անգամ հանրաքվեի այն «ոչ»-ի քանակը, որ ամրագրվեց, խոսում է դժգոհության մասին, ու այդ դժգոհությունը չի կարող չնշանակել, որ կան չլուծված հարցեր: Բնականաբար, չի կարող մեծ հեղինակություն ունենա իշխանությունը, եթե չի լուծել այն խնդիրները որոնք հիմա առաջացել են: Իշխանության մեջ լինելն այսօր հեղինակությանը հարված է»:




Լրահոս