ՆԱԻՐԱՅԻ ՀԱՐՑՈՎ
Երեկ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դռնփակ նիստում Երեւանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննության շրջանակներում լսել է դիմումատուի պարզաբանումները: Ավելի վաղ՝ մայիսի 23-ին, հանձնաժողովը լսել էր նաեւ դիմումի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի պարզաբանումները: Հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի տեղեկացմամբ` դիմումի հետագա քննարկումը կընթանա ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգի. հաջորդ փուլում հանձնաժողովի քննարկմանը կներկայացվի որոշման նախագիծը:
ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Երեկ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գայլերը մտել են բնակիչներից մեկի անասնագոմ ու հոշոտել երեք ոչխարի, իսկ երեքին էլ ծայրաստիճան վիրավորել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Էմին Սահակյանից: «Վիրավորված երեք ոչխարները դժվար առողջանան, հույս չունենք: Մինչեւ տանտերը դուրս է եկել, գայլը փախել է: Նման դեպք մեր գյուղում առաջին անգամ է գրանցվում: Եթե այսօրվա գներով հաշվենք, ապա տվյալ գյուղացին 1000 դոլարի չափ վնաս կրեց: Բայց այս պայմաններում գյուղացին այդքան գումար մինչեւ տարեվերջ չի կարողանում աշխատել»,-լրացրեց Է. Սահակյանը: Գյուղապետն այս հարցով դիմել է մարզպետարան:
ՉԱՐԼԶԸ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Ուելսի արքայազն Չարլզը երեկ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է ամենայն հայոց կաթողիկոսը: Գարեգին Երկրորդն արքայազնին է ներկայացրել հայ եկեղեցու պատմական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Նշենք, որ իր կարճատեւ այցի ընթացքում արքայազնը այցելել է նաեւ Խոր Վիրապ, Գեղարդ եւ Ս. Հռիփսիմե վանքեր: Օրվա երկրորդ կեսին նա մեկնել է Հայաստանից:
ԱՐԴԵՆ ԼԱՎ Է
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանն ապրիլի 5-ին խոշոր վթարի ենթարկվելուց եւ 10 օր շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո NEWS.am-ին ասել է, որ իր առողջական վիճակն այժմ լավ է: Նա հիմա տոկեր է ընդունում, տեսողությունն է վատացել, ջարդվել են անրակները, նիհարել է 20 կգ եւ պետք է վերականգնվի, որ դեռ առաջիկայում եւս 1-2 վիրահատության ենթարկվի: «Մահացած եմ եղել, 15 օր հետո զարթնել եմ հիվանդանոցում, էլ ոչ մի բան չեմ հիշում, նույնիսկ հարվածը չեմ զգացել, ոչինչ չեմ հիշում՝ մենք ենք խփել, թե մեզ են խփել, վարորդն ասում է, թե դիմացից մի մեքենա է արագ եկել, մենք խփել ենք այդ մեքենային»,-ասել է Զ. Զոհրաբյանը:
ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ
«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` բելառուսական տրակտորներ արտադրող Բոբռույսկի գործարանը Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանից դեռեւս չի ստացել իրենցից գնված տրակտորների ամբողջ գումարը: «Նա պարբերաբար ասում է, թե կվճարի, սակայն այդպես էլ չի վճարում: Ժամանակը վաղուց է անցել, եւ երբ պատրաստ լինեն բոլոր փաստաթղթերը, գործն արդեն կլինի դատարանում»,-ասել են գործարանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը նշված գործարանին առաջարկել էր ըպսՈՐցր-311 մակնիշի 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 9 տրակտորներ վաճառել իր՝ «Վ. Կարապետյան եւ ընկերներ» ընկերությանը: