ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԻՍՏ ՉԵՂԱՎ
Երեկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը չկայացավ՝ չնայած ամեն հինգշաբթի կուսակցականները հավաքվում էին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը «պատրաստ» չի եղել նիստին, քանի որ նա այս անգամ պետք է ներկայացներ իր մտադրությունները, թե մարզպետերի շրջանում ինչ կադրային փոփոխություններ է ցանկանում իրականացնել: Փորձեցինք ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու կուսակցությունն իր ամենշաբաթյա նիստը չարեց: «Բայց էդ քո ի՞նչ գործն է, թե ինչու չենք անում: Մեր կանոնադրությամբ ամիսը մեկ պետք է լինի, եթե հարկ է լինում, շատ ենք անում»,-ասաց նա: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք պատճառը եղել է այն, որ ՀՀԿ առաջնորդը կադրային փոփոխությունների հարցում դեռեւս չի կողմնորոշվել, Սահակյանը նշեց. «Դա հնարովի տեսակետ է, որը փորձվում է շահարկվել: Սերժ Սարգսյանը եթե կադրային խնդիրներ է լուծում, չեմ կարծում՝ պետք է պատրաստվի կամ նախապատրաստվի: Ամեն ինչն իր ժամանակին է անում եւ շատ դիպուկ, այնպես որ, մենք նման խնդիր չունենք, որպեսզի քննարկենք»:

ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում գործող երկու գրադարաններն առաջիկայում փակվելու են, իսկ աշխատակիցները դառնալու են գործազուրկ: Բացի այս, գրքերը հատկացվելու են համայնքի դպրոցին: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք համայնքապետի աշխատակազմի ղեկավար Անուշ Լեւոնյանի հետ: «Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել, հնարավոր է՝ գրադարանները չփակվեն, եւ դրա փոխարեն մեկ այլ բան լինի: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Ուղղակի ասել են, որ օպտիմալացման շրջանակներում կրճատումներ են կատարվելու: Հիմա կարող է գրադարանները չլինեն, բայց մեկ այլ բան լինի»,-ներկայացրեց աշխատակազմի ղեկավարը: Նշենք, որ երկու գրադարաններում չորս մարդ է աշխատում:

ՓՉԱՑԱԾ ԶԵՆՔՈՎ
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող նույն զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում,  եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեղադրյալի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, նշեց, որ մեղադրանքը սխալ է, ու անգամ քննիչն արգելել է տեսակցել եղբորը: «Կրկնում եմ՝ եղբորս զենքը փչացած է եղել, պռուժին է պակասած եղել, եւ աֆիցերն այնտեղ եղբորս ասել է՝ կա՛մ դու ճարի, կա՛մ մենք ճարենք, եւ կոնկրետ դա մեծ դեր ունի այդ դեպքի հետ կապված: Իմ եղբայրն ասում է, որ դա պատահական է կրակել, եւ արժե՞, որ դրա համար եղբայրս գնա, ցմահ նստի»,-ասաց Վարդանը՝ նկատելով, որ դա փորձանք է եղել: Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը գտնվում է Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարանում:




Լրահոս