ԱՆՀԻ՞ՄՆ, ԹԵ՞ ՀԻՄՆԱՎՈՐ
«Վարդաշեն» ՔԿՀ նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը մայիսի 26-ին, այցելելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, վերադարձրել էր տարիներ առաջ 10 տարվա անբասիր ծառայության համար ստացած իր կրծքանշանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են նրանք վերաբերում այս փաստին, եւ, առհասարակ, ինչ քայլեր են իրականացվել նախկին աշխատակցի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: «Նրան անհիմն կերպով չեն հեռացրել, ամեն ինչ եղել է հիմնավոր»,-ասաց խոսնակը: Փաստորեն, պարտադրանքով աշխատանքից հեռացնելը մեր օրերում համարվում է հիմնավոր:
ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՄԵՐԺԵՑԻՆ
2013թ. մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։ Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը, Ա. Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Այսպիսով՝ Մատաղիսի գործով տեւական ժամանակ ապօրինաբար անազատության մեջ գտնված երիտասարդների գործը վերջնականապես կարելի է ավարտված համարել:
ՄԵԴԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է
Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում արցախյան ազատամարտի մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամ Մկրտիչ Բաղդասարյանն ընթերցել է իր դիմում-բողոքը` ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Հույսս լիովին կորցրել եմ ՀՀ ղեկավարությունից, որին չեն հետաքրքրում իր հաղթանակած զինվորն ու նրա երկու անչափահաս երեխաները: Ես ինձ անապահով եւ ավելորդ եմ զգում իմ հայրենիքում: Գտնում եմ, որ իմ հաղթանակած հայրենիքում, եթե ես գրանցում անգամ չունեմ եւ մեր` կամավորականներիս, գործը մասամբ է հիշվում, իսկ պաշտոնատար անձանց կողմից նվաստացուցիչ կերպով եւ ցուցադրական տրամադրվում է չնչին ողորմություն, ուստի նպատակահարմար եմ գտնում իմ արյան գնով ձեռք բերված մեդալները (ոչ լրիվ ստացածս մեդալները) հանձնել ձեզ: Եթե կարիքը առաջանա, կարող եմ նաեւ հրաժարվել տրվող կենսաթոշակից»:
ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳ նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակությունը Շուշի քաղաքի անունից հունգարական Դյոնդոշ քաղաքի պատվիրակության հետ ստորագրել է եղբայրության մասին հռչակագիր: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում ունեցած իր աղբյուրներից տեղեկացել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որն էլ նամակ է հղել հունգարական քաղաքի ղեկավարությանը: Այսպիսով՝ հունգարական բանտից մարդասպան Սաֆարովին ազատելուց հետո սա հունգարական կողմից հայերին հասցված հերթական անարգանքն էր, որի մասին ԱԳՆ-ն «պարտիզանաբար» լռում է: